«22 » նոյեմբերի 2012 թ. ԻՎ-ե-124
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-142-09.11.2012-ԳԿ -010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1421 -09.11.2012-ԳԿ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.1. Նախագծի «Անցումային դրույթներ» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է 6-ամսյա ժամկետում վերաձեւակերպել լիցենզիաները, իսկ 2-րդ մասում՝ ազատել պետական տուրքի գանձումից լիցենզիայի վերաձեւակերպման համար: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածում սահմանված է, որ վերաձեւակերպման համար գանձվում է՝ պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով: Բացի այդ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն լիցենզիաների վերաձեւակերպման համար սահմանված է պետական տուրք բազային տուրքի 10-ապատիկի չափով:
Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերվում է լիցենզիայի վերաձեւակերպման համար պետական տուրքից ազատմանը, առաջարկում ենք քննարկել վերը հիշատակված օրենքների համապատասխան հոդվածների համատեքստում:
Նշենք նաեւ, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի48-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված են «Անցումային դրույթներ», հետեւաբար Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող «Անցումային դրույթներ» հոդվածում անհրաժեշտ է նշել, թե որ մասում են ներառվելու առաջարկվող լրացումները:
2.2. Նախագծի 2-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեց ամիս հետո» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին: Նույնը վերաբերվում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:
2.3. Նախագծի տեքստի առաջին էջի վերեւի աջ անկյունում փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»: Նույնը վերաբերվում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարող՝
Ք. Գեովշանյան 513-636