Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-144-09.11.2012-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1 Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում «շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ» բառակապակցությունից առաջարկվում է հանել «հետեւյալ» բառը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, այն է` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին ..... մասեր, .....նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

2.2 Նախագծի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունում «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկվում է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2.3 Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «6-րդ հատվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով» բառերը առաջարկվում է փոխարինել «6-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է` «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր,..... լրացնելու միջոցով»:

2.4 Նախագծի 4-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը առաջարկվում է փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝ Ա. Սարգսյան հեռ. 513-659