«21 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-122

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-147-13.11.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ի րավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադաuություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ

նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մաuերի, կետերի կամ

պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:»:Նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածով որեւէ դրույթում փոփոխություն չի նախատեսվել, բացի այդ, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործառույթները եւ կանոնադրական կապիտալի մեծությունը արդեն կարգավորված են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ եւ 30-րդ հոդվածներով, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը հանել:

2.2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը տեղափոխել 1-ին հոդված եւ շարադրել նոր խմբագրությամբ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244 օրենքի 30-րդ հոդվածի` 1-ին մասի «հինգ հարյուր» եւ «երկու հարյուր» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարյուր» եւ «հիսուն» բառերով:

2.3. Նախագծում նախատեսված չէ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչը ենթադրում է, որ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության պահանջի. «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

2.4. Մեր կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ընդունելու դեպքում առաջարկում ենք Նախագծի վերնագրի «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ա.Սարգսյան հեռ.513-659