«22 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                   ԻՎ-ե-125

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ՝ Կ-148-15.11.2012-ՏՏ-010/0 - Կ-1483 -15.11.2012-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները՝ 2.1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ ) 1-ին հոդվածով առաջարկվել է « Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «գ» կետը «ոգելից» բառից հետո լրացնել «եւ ալկոհոլային» բառերով, մինչդեռ, նշված կետում «ոգելից» բառը օգտագործվում է երկու անգամ, մի դեպքում՝ համայնքի տարածքում վաճառքի, մյուս դեպքում՝ հանրային սննդի օբյեկտներում իրացման թույլտվության նպատակով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Օրենքի 7-րդ հոդվածի «գ» կետը երկրորդ «ոգելից» բառից հետո «եւ ալկոհոլային» բառերով լրացնելու հարցը:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել «ժգ» եւ «ժդ» կետերով, մինչդեռ, գործող Օրենքում արդեն իսկ ամրագրված է «ժգ» կետը, համաձայն որի. համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար նույնպես կարող են սահմանվել տեղական տուրքեր: Այդ կապակցությամբ առաջարկում ենք «ժգ» կետը փոխարինել մեկ այլ կետով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում, որով առաջարկվում է Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել «գ» կետով, մինչդեռ, գործող Օրենքում արդեն իսկ ամրագրված է «գ» կետը, համաձայն որի. «խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30 000-60 000 դրամ.»:

2.3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 6-րդ կետը` որով առաջարկվում է Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, վերախմբագրելու հարցը, նկատի ունենալով, որ առաջարկվող պարբերությունում երեք անգամ կրկնվում է «համար»բառը:

2.4. Առաջարկում ենք Նախագիծը, ինչպես նաեւ Օրենքի որոշ հոդվածներ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «... Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի,կետերը`միայն համարակալված ենթակետերի:», իսկ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ .» բառերը` 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով»:

Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերաբերյալ բովանդակային դիտողություններ եւ առաջարկություններ չկան, իսկ տեխնիկական բնույթի թերությունները կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ. Հովսեփյան հեռ.513-650