«11»դեկտեմբերի 2012 թ.                                                                                              ԻՎ-ե-146

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (Պ-155-27.11.2012-ՏՀ 011/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին համապատասխան եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին:

2. Նախագծի վերնագրում «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ կետի 1)-ին ենթակետի «ՀՀ կառավարության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության համար ՀՀ օրենքներին հակասող որոշումների ընդունման ուսումնասիրությունը» բառերը «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների ուսումնասիրությունը» բառերով փոխարինելու հարցը՝ նկատի ունենալով, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով Թեղուտի համայնքին փոխանցելու մասին 08 ապրիլի 2004 թվականի N477-Ն թվակիր, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին 01 նոյեմբերի 2007 թվականի N1278-Ն թվակիր եւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված ՀՀ կառավարության մյուս որոշումները մինչ օրս գործում են:

Հարկ է նշել, որ նշված եւ մյուս որոշումների (ըստ Նախագծի ՀՀ օրենքներին հակասող որոշումների) համապատասխանությունը` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին, վիճարկվում է դատական կարգով (տե/ ս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը):

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ս.Համբարձումյան հեռ. 513-650