«30» նոյեմբերի 2012 թ. ԻՎ-ե-140
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-159-28.11.2012-ՏՀ-010/0--1595 -28.11.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգայինժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ շրջանառության հարկը օրենքով սահմանված կարգով, չափերով ու ժամկետներում ավելացված արժեքի հարկին եւ (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է, 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ հարկվող օբյեկտը որոշելիս շրջանառության եւ (կամ) այլ եկամուտների հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով, իսկ 11-րդ հոդվածի 2-րդ մասովսահմանվում է, որ մատակարարներինվճարած ԱԱՀ-ի գումարները միացվում են այդ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին): Մեր կարծիքով այս դեպքում տեղի կունենա հարկի կրկնահաշվարկ, ինչն արհեստականորեն (անհիմն) կմեծացնի ոչ միայն այս հարկատեսակից գանձվող հարկային եկամուտները, այլեւ համապատասխան ապրանքների եւ ծառայությունների գները (սակագները), բացի այդ առաջարկվող հարկատեսակի ներդրմամբ տնտեսվարողների մի զգալի հատվածը կզրկվի օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունից:
2.2. Նախագծի «Օրենքի ուժի մեջ մտնելը» վերտառությամբ 16-րդ հոդվածը հակասում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի. «Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո», մինչդեռ Նախագծով առաջարկվել է օրենքի ուժի մեջմտնելու կոնկրետ ժամկետ՝ 2013 թվականի հունվարի 1-ը:
3. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
3.1. Նախագծով առաջարկվողփոփոխությունների եւ լրացումների հետ միասին զուգահեռաբար առաջարկվում է խստացնել հարկային վարչարարությունը, մասնավորապես`առաջարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր` 25.2-րդ հոդվածով, որի առաջին մասի համաձայն. «Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով»: Մինչդեռ, Օրենքի25-րդ եւ 27-րդ հոդվածներով արդեն իսկ սահմանված են տուգանքներ` հաշվապահական հաշվառում (կամ գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը եւ հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար (այդ խախտումների հետեւանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով) եւ թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար (գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով): Օրենքի25-րդ եւ 27-րդ հոդվածներով նախատեսված խախտումները մեր կարծիքովիրենցից ներկայացնում է պակասորդի գոյությունը, ուստի ստացվում է, որ նույն արարքի համար մի քանի տարբեր տուգանքներ են նախատեսվում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք տարընթերցումներից խուսափելու համար հստակ առանձնացնել նշված դեպքերը եւ ամրագրել, որ տուգանքը` անկախ դրա անվանումից պետք գանձվի մեկ անգամ:
3.2. Նախագծի 24-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքը լրացնել նոր՝ 34.1-րդ հոդվածով, համաձայն որի. «Այն դեպքերում, երբ հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման:»: Ստացվում է, որ ստուգումների եւ այլ անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել հաշվարկներում տեղ գտած անճշտությունները, մինչդեռ անհայտ աղբյուրից դրանք հայտնի են դառնում, որը հարակային մարմիններին իրավունք է վերապահում վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել առաջարկվող լրացումը:
4.Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ