«30» նոյեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-135

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-163-28.11.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումը եւ փոփոխությունը համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, այն է` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

3. Նախագծի 2-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է` «....Հայաստանի Հանրապետության օրենքներում ... ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան հեռ. 513-659