«20» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                 ԻՎ-ե-153

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-170-30.11.2012-ՏՀ-010/0 ), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1701 -30.11.2012-ՏՀ-010/0 ), « Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1702 -30.11.2012-ՏՀ-010/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1703 -30.11.2012-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», « Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ 2012 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգ է ընգրկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեկ այլ նախագիծ (փաստաթղթային կոդ` Կ-099-01.10.2012-ՏՀ-010/0), որի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում այլ ձեւակերպմամբ՝ նույնաբովանդակ փոփոխություն : Ուստի, այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված Օրենքի փոփոխվող 23-րդ հոդվածի 2-րդ մասը հանել կամ խմբագրել կամ սույն Նախագիծը ավելի շուտ ընդունվելու դեպքում անդրադարնալ նախորդ նախագծին:

2.2. Նախագծի9-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ «Արտադրության լիցենզիաները» վերտառությամբ: Ըստ նշված հոդվածի 1-ին մասի վերջին նախադասության. «Էլեկտրական էներգիայի ( հզորության ) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո» ( նույնը վերաբերվում է նաեւ նույն հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությանը. «Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո» ) : Այս դրույթները մեր կարծիքով հստակեցման կարիք ունեն, քանի որ եթե սակագինը սահմանվի կայանների կառուցման ավարտից հետո, ապա հնարավոր է մի իրավիճակ, որ սահմանվի այնպիսի սակագին, երբ հայտատուն հնարավորություն չի ունենա ներդրած միջոցները վերադարձնելու եւ գործունեությունը կդառնա վնասաբեր: Հետեւաբար ձեռնարկատիրական գործունեությանը չխոչնդոտելու եւ, հակառակը, օժանդակելու նպատակով առաջարկում ենք քննարկել կառուցման թույլտվություն տալու պահին հայտատուին սակագնի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու հարցը:

2.3. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասում «... «10» թիվը, այսինքն 10 ՄՎտ (մեգավատ), փոխարինել «30» թվով»: Նշված փոփոխությունը վերաբերվում է էներգիայի վերականգնվող աղբյուրներին (այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայաններին):

Այդ կապակցությամբ առաջարկում ենք փոփոխություն կատարել նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ե)» կետում, նկատի ունենալով, որ 10 ՄՎտ-ն հավասար է 10 000 կՎտ-ին, իսկ 10-ը թիվը 30 թվով փոխարինելու դեպքում այն ուղակիորեն կհակասի «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի 3-րդ հոդվածի «ե)» կետին:

2.4. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի «60 օրը» բառերը փոխարինել «80 աշխատանքային օրը (փոքր հիդրոէլեկտրակայանների եւ էներգիայի վերականգնող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում՝ 25 աշխատանքային օրը)» բառերով: Առաջարկում ենք «60», «80» եւ «25» թվերը փոխարինել «վաթսուն», «ութսուն»եւ «քսանհինգ» բառերով, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում գործունեության լիցենզիա ստանալու պայմանների հետ կապված թվերը նշված է տառերով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 40-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու առաջարկությանը՝ «10 աշխատանքային օրը» եւ «5 աշխատանքային օրը» բառերը «տաս աշխատանքային օրը» եւ «հինգ աշխատանքային օրը» բառերով փոխարինելուն:

3. Նախագիծը, ինչպես նաեւ Նախգծերի փաթեթում ներառված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», « Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից որոշակի խնդիրներ ունեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի, 41-րդ հոդվածի 3-րդ մասի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 70-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաս եր ի հետ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ք.Գեովշանյան հեռ.513 636