« 0 7» փետրվարի 2013 թ. ԻՎ-ե-1 75
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-199-30.01.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ ներկայացված փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 137.4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրման համար:Ընդ որում, նշված մասի սանկցիայի համաձայն՝ «առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել հետեւյալ տարբերակը՝ «առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով»:
Այս դեպքում, «սահմանված նվազագույն աշխատավարձի չափը» հավասարապես վերաբերվում է հարյուրհիսնապատիկին եւ հարյուրապատիկին: Բացի այդ, մեր կողմից ներկայացված տարբերակը համահունչ է Օրենսգրքի հոդվածների սանկցիաներին:
Առաջարկությունն ընդունելու դեպքում առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաեւ Նախագծի մյուս հոդվածների սանկցիաներում:
Նախագծում առկա են նաեւ լեզվաոճական եւ խմբագրական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ա. Քոչարյան հեռ. 513-248