«11» մարտի 2013 թ.                                                                                                     ԻՎ-ե-193

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-215-14.02.2013-ՍՀ-010/0)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2.Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանվող «բազմազավակ ընտանիք» եւ «բազմազավակ մայր» հասկացությունները հստակեցման կարիք ունեն, քանի որ մի դեպքում ենթադրվում է, որբազմազավակ ընտանիքի կազմում գտնվող ծնողներն են խնամում իրենց երեք եւ ավելի երեխաներին, մյուս դեպքում՝ բազմազավակ մայրն է միայնակ խնամում իր չորս եւ ավելի երեխաներին: Մեր կարծիքով նման տարանջատումը արդարացված չէ, քանի որ բազմազավակ ընտանիքի համար որպես չափանիշ սահմանվում է երեք եւ ավելի երեխա ունենալը, իսկ բազմազավակ մոր համար` չորս եւ ավելի երեխաներ ունենալը:Հարկ է նաեւ նշել, որ Նախագծում նախատեսվող արտոնությունները հիմնականում նվիրված են բազմազավակ ընտանքներին, իսկ բազմազավակ մայրերի համար, որպես բարոյական աջակցություն, նախատեսվում է միայն պատվավոր կոչման շնորհում եւ շնորհագրով ու կրծքանշանով պարգեւատրում: Այդ կապացությամբ առաջարկում ենք քննարկել բազմազավակ մորկարգավիճակը բազմազավակ ընտանիքի կարգավիճակից չառանձնացնելու հարցը:

3. Նախագծի 4-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Հայաստանի Հանրապետության օրենքներում… ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառեր:Առաջարկությունն ընդունելու դեպքում առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

4. Հստակեցման կարիք ունի նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ» հասկացությունը, նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրության մեջ նման ձեւակերպումները առաձնացված չեն:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Բազմազավակ ընտանիքները չեն հաշվառվում ընտանեկան նպաստի համակարգում:» հակասում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին, քանի որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում այդ ընտանիքները ենթակա են ընդգրկման ընտանեկան նպաստի համակարգում:

Նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, «օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի» բառերը, որպես հաշվարկային հիմք նվազագույն աշխատավարձի հետ չշփոթելու եւ տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք «օրենքով» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով» բառերով, իսկ մյուս մասերը հստակեցնել:
 
6. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրի «ապահովելու համար» բառերն առաջարկում ենք փոխարինել «ապահովման» բառերով:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված առաջարկում ենք համապատասխան լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, նկատի ունենալով, որ բազմազավակ մայրերին խրախուսելու նպատակով շնորհվում են կոչումները՝ իսկ 10 եւ ավելի երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Հայաստանի պատվավոր մայր» պատվավոր կոչումը` «Հայաստանի պատվավոր մայր» մեդալի պարգեւատրումով:

8. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 8-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի «սահմանելու կարգը» բառերը «շնորհելու կարգը» բառերով փոխարինելու հարցը, քանի որ համապատասխան պատվավոր կոչումները արդեն իսկ սահմանվում են Նախագծով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                     Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ք.Գեովշանյան հեռ.513-636