«05» մարտի 2013 թ.                                                                                                        ԻՎ-ե-188

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-216-14.02.2013-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակն է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը:

Փաստորեն, ըստ Նախագծի, պետության սեփականություն հանդիսացող հողատարածքները 49 տարի ժամկետով տրամադրվում են վարձակալության պայմանագրով մասնավոր գերեզմանատների կազմակերպման համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է հողատարածքը ենթավարձակալության հանձնելու արգելք, պարզ չէ, թե հետագայում ինչ իրավունքով ու հիմքով են այդ հողատարածքները փոխանցվում երրորդ սուբյեկտներին (հուղարկավորողներին, որոնք իրենց հերթին ենթադրվում է, որ պետք է վճարեն հողատարածքի (տեղի) համար եւ կարող են այն կառուցապատել, բարեկարգել, հուշարձան կառուցել): Պարզ չէ նաեւ հողամասերիճակատագրերը վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: Անորոշ է մնում նաեւ, թե ինչ կարգով եւ ում կողմից են կազմակերպվում մասնավոր գերեզմանատները:

Բացի առանցքային բնույթի նշված խնդրից, Նախագծի վերաբերյալ նշենք նաեւ հետեւյալ նկատառումները.

1. Նախագծի 1-ին հոդվածի «պարբերությունում» բառն առաջարկում ենք փոխարինել ««գերեզմանատուն» հասկացությունում» բառերով:

Բացի այդ, «եւ բնապահպանական» բառերը «բնապահպանական եւ սանիտարական» բառերով փոխարինելիս անհրաժեշտ է «բնապահպանական» բառն անջատել ստորակետով՝ ճիշտ ինկորպորացված տարբերակ ստանալու համար:

Նույն առաջարկը վերաբերվում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի «համայնքային եւ մասնավոր» բառերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածում՝

ա) «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի « Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` ... 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրել ու միջոցով. ».

բ) նոր խմբագրությամբ առաջարկվող Օրենքի 4-րդ հոդվածի.

1) վերնագիրն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ « Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները »՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի. «...... Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-րդ մասին, համաձայն որի «.....Հոդվածների վերնագրերը պետք է համապատաuխանեն հոդվածների բովանդակությանը:»,

2) 1-ին մասի 3-րդ կետից պարզ չէ, թե ու՞մ պետք է ներկայացվեն այդ առաջարկությունները, այն դեպքում երբ գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմը եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումները, ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանվում են օրենքով,

3) 1-ին մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմինը «համակարգում է գերեզմանատների զբաղեցրած հողերի օգտագործման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման գործընթացները»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել «համակարգում» բառը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. « Հողերի oգտագործման uխեմա ներն oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատում է համայնքի ավագանին:»: Արդյո՞ք, սխեմաների հաստատումը համարվում է համակարգում,

4) 1-ին մասի 5-րդ կետի համաձայն լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում հուղարկավորությունների գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ: Մինչդեռ Նախագծով եւ Օրենքով նման վերահսկողության կարգ սահմանված չէ, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում « իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով սահմանել վերահսկողության իրականացման դեպքերը, պայմանները եւ կարգը՝այդ կերպ այն համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին:

Նշված դրույթը հակասում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի. « Քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հuկողությունն իրականացնում է իրավական հuկողության բարձրագույն մարմինը` Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: » եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2-րդ հոդվածին, համաձայն որի. « Իրավական եւ մաuնագիտական հuկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, որոնք իրականացնում են իրավական ու մաuնագիտական հuկողություն համայնքի ղեկավարի uեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ: »:

Այսինքն, Նախագծի համաձայն ստացվում է, որ քաղաքապետը եւ համայնքի ղեկավարը վերահսկվում են լիազոր մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, մինչդեռ վկայակոչված հոդվածների համաձայն նրանք վերահսկվում են համապատասխանաբար ՀՀ տարածքային նախարարության եւ մարզպետների կողմից:

3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «անվճար» բառով: Նկատի ունենալով, որ Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ. « Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը uահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով », 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ. « Գերեզմանատեղերը տրամադրվում են uահմանված կարգով հաuտատված գերեզմանատան հատակագծով (uխեմայով) նախատեuված հերթականությամբ եւ uույն oրենքով uահմանված չափերով` անվճար: », իսկ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասն ընդամենը սահմանում է մեկ տեղի հաշվով գերեզմանատեղի տրամադրման չափերը:Ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծից 4-րդ հոդվածը հանելու հարցը:

Բացի դրանից հասկանալի չէ, թե «անվճար» տեղերի տրամադրումը մասնավոր գերեզմանատներին վերաբերվում է թե ոչ եւ անհրաժեշտ չէ արդյոք բացառություններ սահմանել որոշակի բացառիկ դեպքերի համար: Ինչպես նաեւ առաջարկում ենք քննարկել հուղարկավորության համար հողատարածքի վճարի վերին շեմի սահմանման հարցը:

4. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ըստ որի. « Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: », այն դեպքում, երբ հուղարկավորությունների կազմակերպման առանձնահատկությունները որեւէ կապ չունեն գերեզմանատան մասնավոր կամ պետական (համայնքային) լինելու հետ (այլ խնդիր է, եթե, օրինակ, խոսքը գնար ոչ թե հուղարկավորության կազմակերպման, այլ գոնե մասնավոր գերազմանատների կազմավորման առանձնահատկություների մասին` եթե գործնականում այդպիսիք կան):

5. Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող 19.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով», այն դեպքում, երբ որեւէ օրենքով նման կարգ սահմանված չէ:

Փաստորեն Նախագծի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները օրենսդրական հիմքեր են ստեղծում մասնավոր գերեզմանատների կազմակերպման եւ գործունեության համար, ինչը որոշակի հարցեր է առաջացնում, իսկ տվյալ Նախագիծը չի պատասխանում այդ հարցերին:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել մասնավոր գերեզմանատաների կազմակերպման իրավունքի տրամադրման նպատակահարմարության հարցը:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածը համարակալել համապատասխան մասերով՝ բացակայում է 3-րդ մասի համարակալումը:

6. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքը լրացնել նոր` 25.1.-րդ հոդվածով, համաձայն որի. « Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: », մինչդեռ ինչպես Նախագծով այնպես էլ որեւէ օրենքով նշված Օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չէ:Այդ կապակցությամբ առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել առնվազն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածը ամենեւին չի վերաբերում Օրենքի պահանջների խախտմանը:

Ընդհանուր առմամբ, բացի վերոնշյալ դիտողություններից եւ առաջարկություններից Նախագիծը ենթակա է ամբողջովին խմբագրման եւ լրամշակման:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                               Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝ Լ.Աբովյան, հեռ 513-485