«11» մարտի 2013 թ.                                                                                                    ԻՎ-ե-192

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-218-26.02.2013-ՏՀ-010/0), «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-2181 -26.02.2013-ՏՀ-010/0), «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-2182 -26.02.2013-ՏՀ-010/0), «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ Կ-2183 -26.02.2013-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ Կ-2184 -26.02.2013-ՏՀ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների Նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

2.1. Առաջարկում ենք «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենք ի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները վերտառությամբ» 2-րդ հոդվածի1-ին մասում ավելացնել 7.1) ենթակետ, որը կսահմանի «Կազմակերպության ստանդարտ» հասկացությունը, քանի որ, ըստ էության, Օրենքում ներմուծվում է նոր հասկացություն, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Եթե նորմատիվ ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:»: Այս տեսանկյունից անհրաժեշտ է Նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

2.2 Առաջարկում ենք քննարկել Օրենքում այնպիսի կառուցակարգ ամրագրելու անհրաժեշտությունը, որով կսահմանվի կազմակերպության` իր կողմից համապատասխան ստանդարտների ընդունումից հետո, դրանք ստանդարտացման ազգային մարմնին ներկայացնելու պարտականությունը: Վերջինս, իր հեթին, պետք է օժտված լինի կազմակերպության ստանդարտների գործողությունը դադարեցնելու իրավունքով, այն դեպքում, երբ դրանք սահմանում են ավելի մեղմ պահանջներ, քան նախատեսված է առնվազն ազգային ստանդարտներով:

2.3 Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում կատարել լրացում. մասնավորապես «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող նոր 15.2-րդ հոդվածի 2-րդ մասում, «պահանջներին» բառից հետո, ավելացնել «եւ չպետք է նախատեսեն ավելի մեղմ կանոններ, սկզբունքներ կամ բնութագրեր, քան նախատեսված են առնվազն ազգային ստանդարտով:» բառերը:

3. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13)-րդկետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

13) համապատասխանության գնահատում - արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացման փաստի հավաստում` փորձարկման եւ/կամ սերտեֆիկացման եւ/կամ հայտարարագրման եւ/կամ տրամաչափարկման եւ/կամ տեխնիկական հոսկողության իրականացման միջոցով:

Ներկայացված Նախագծով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ) եւ 19)-րդ կետերի առաջարկվող խմբագրության դեպքում ծագում են մի շարք ներքին հակասություններ: Կարծում ենք առավել նպատակահարմար է որպես գործընթաց դիտարկել միայն «համապատասխանության գնահատման գործընթացը», որի նպատակը «համապատասխանության գնահատում», կատարելն է, այսինքն` համապատասխան փաստի հավաստումն իրականացնելը:

3.2 Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացումը ընդգրկել ոչ թե Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասից հետո, այլ 4-րդ մասից հետո, որպես 4.1-րդ մաս, հոդվածի շարադրանքի տրամաբանական հաջորդականությունը պահպանելու նպատակով:

4. «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀօրենքի նախագծի վերաբերյալ.

4.1 Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում վերաշարադրել հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եւ օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:»: Այս առաջարկը նպատակ է հետապնդում ընդգծելու չափման միջոցների նախ ՀՀ կառավարության կողմից հաստատված լինելու հանգամանքը, ապա նոր հաշվի առնելու դրանց կիրառելության գործոնը:

4.2 Առաջարկում ենք Օրենքի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները վերտառությամբ» 2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել «ՀՀ կառավարության կողմից սահմանված չափման միջոցներ» հասկացությունը, քանի որ գործող օրենքում սահմանված է միայն «չափման միջոց» հասկացությունը, իսկ առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես Նախագծի 4-րդ հոդվածով, նախատեսվում է Օրենքումներմուծել նոր` «ՀՀ կառավարության կողմից սահմանված չափման միջոցներ» հասկացությունը: Արդյունքում հստակ չէ, թե արդյոք բոլոր չափման միջոցները պետք է հաստատվեն կառավարության կողմից, թե դրանք առանձին խումբ կազմող չափման միջոցներ են: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջներից եւս բխում է նոր ներմուծվող հասկացության սահմանման անհրաժեշտությունը:

5. «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» ՀՀօրենքի եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀօրենքների Նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ                                                        Ս . ԹԵՎԱՆՅԱՆ