« 06 » մարտի 2013 թ.                                                                                                              ԻՎ-ե-1 90

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-219-26.02.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահան Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Ըստ էության, Նախագծով առաջարկվում է թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար որպես բազային հարկային արտոնագրային վճար` ներկայումս գործող 9500 դրամի փոխարեն մեկ մեքենայի համար սահմանել 7000 դրամ, միայն Երեւան քաղաքի համար: Այսինքն 2500 դրամով կամ գումարի 26 % -ով նվազեցումը վերաբերում է միայն Երեւան քաղաքում մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեությանը: Մեր կարծիքով նման մոտեցումը պարունակում է խտրականության տարրեր մարզկենտրոնների, այլ քաղաքների, այլ վայրերի, սահմանամերձ գյուղերի նմանատիպ գործունեության նկատմամբ: Առաջարկում ենք քննարկել վերջիններիս նկատմամբ արտոնագրային վճարի համամասնորեն նվազեցման հարցը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «աղյուսակում» բառից հետո «թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում» բառերը գրել չակերտների մեջ:

3. Նախագծի 2-րդ հոդվածում նշված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Այս դրույթը չի համապատասխանում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջին, այն է` «Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից»: Բացի այդ, բաց է մնում 2013թ. հունվարի 1-ից մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում կատարված վճարների վերահաշվարկի կամ վերադարձման հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան

հեռ. 513-659