« 20 » մարտի 2013 թ.                                                                                                     ԻՎ-ե-19 8

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-220-26.02.2013-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքը լրացնել նոր 10.1 հոդվածով, որի համաձայն «...Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձեւերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաեւ ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգով :»: Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե ավագանու ընդունած հիշատակված կարգը ի՞նչ հարաբերություններ, պայմաններ կամ ընթացակարգեր կարող է սահմանել, որոնք նախատեսված չեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի Ուտրեխտում 2009 թվականին ընդունված լրացուցիչ արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) մեջ: Մինչդեռ, Արձանագրության 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն տ եղական իշխանության գործերին մասնակցության իրավունքի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը պետք է սահմանվեն օրենքով : Բացի այդ արձանագրության 1-ին հոդվածի 5.1 եւ 5.2 կետերի համաձայն. «5.1 Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի ցանկացած նորմ, պայման եւ սահմանափակում պետք է սահմանվի օրենքով եւ չպետք է հակասի Կողմի միջազգային իրավական պարտավորություններին:

5.2 Օրենքը պետք է սահմանի անհրաժեշտ նորմեր, պայմաններ եւ սահմանափակումներ, որոնք ապահովում են մասնակցության իրավունքի իրականացումը` չվտանգելով տեղական իշխանությունների լիազորությունների իրականացման էթիկան եւ թափանցիկությունը:»:

Նախագծում բացակայում են տ եղական իշխանության գործերին բնակիչների մասնակցության իրավունքի իրականացման համար հստակ մեխանիզմներն ու ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Նախագծով առաջարկված դրույթների գործնական կիրարկման համար: Առանց այդ մեխանիզմների, Նախագծով առաջարկվող փոփոխությունները դեկլարատիվ բնույթ կունենան եւ դրանց կիրարկումը վիճահարույց կլինի: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն « … Յ ուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ oրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները» , իսկ 5-րդ հոդվածի համաձայն « … Պ ետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով»: Այսինքն, դա նշանակում է, որ բնակիչները կարող են մասնակցել ավագանու նիստերին օրենքով չարգելված ցանկացած ձեւով, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է ղեկավարվեն միայն օրենքով սահմանված լիազորություններով:

Ուստի, առաջարկում ենք Նախագծով սահմանել նաեւ այն ընթացակարգերն ու պայմանները, որոնք Նախագծում թողնված են բնակիչների մասնակցության կարգին (հոդվածներ 2, 4, 9, 10 եւ այլն) եւ ավագանու կանոնակարգին (հոդված 3):

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել.

3.1. Նախագծի 3-րդ եւ 13-րդ հոդվածներում «...1-ին մասից հետո լրացնել նոր մասով» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն» բառերով, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) հոդվածներում բացակայում է մասերի համարակալումը:

3.2.Օրենքի 5-րդ հոդվածում նշված է. «Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքում», մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածում կիրառվել է «...համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված...» արտահայտությունը, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին, այն է` «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Ուստի, առաջարկում ենք «համայքի բնակչության ռեգիստրում հաշվառված» բառերը փոխարինել «համայնքում հաշվառված» բառերով:

3.3.Նախագծի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ հոդվածներում «1-ին մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին պարբերության», իսկ 6-րդ հոդվածում «2-րդ մասի» բառերը` «2-րդ պարբերության» բառերով (պատճառաբանությունը` տես Եզրակացության 2.1 կետը):

3.4.Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված է Օրենքի 23-րդ հոդվածի վերնագիրը («Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը») լրացնել «եւ գործունեության երաշխիքները» բառերով: Մեր կարծիքով առաջարկվող լրացումը տեղին չէ, քանի որ տվյալ հոդվածում խոսք անգամ չկա որեւէ երաշխիքի մասին, ուստի առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետը հանել, իսկ նույն հոդվածի 2-րդ կետում «նոր մաս» բառերը փոխարինել «նոր պարբերություն» բառերով (տես Եզրակացության 2.1 կետը):

3.5. Նախագծի 12-րդ հոդվածում առաջարկվել է Օրենքն լրացնել նոր 54.1 հոդվածով, որի 2-րդ պարբերության մեջ հղում է կատարված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետին: Հաշվի առնելով օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջները, առաջարկում ենք հղումը հստակեցնել՝ նշելով համապատասխան հոդվածները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝ Ա.Սարգսյան հեռ. 513-659

Ք.Մանուկյան հեռ 513-425