«1 5 » մարտի 2013 թ.                                                                                                    ԻՎ-ե-1 95

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-222-11.03.2013-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2221 -11.03.2013- ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի համաձայն. «Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով` դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք եւ դատավարության այլ մասնակիցները»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերի դահլիճից դուրս՝ արտագնա դատական նիստի անցկացումը ընդհանուր կանոնից բացառություն է, ուստի առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝«որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք եւ դատավարության այլ մասնակիցները» բառերը «բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով փոխարինելու հարցը:

2.2. Քանի որ արտագնա դատական նիստի անցկացման հիմնական նպատակն այլ վայրում դատավարական գործողությունների կատարումն է, իսկ Նախագծով նախատեսված՝ «արդարադատության արդյունավետության շահը» լայն հասկացություն է եւ կարող է տարածական մեկնաբանությունների տեղիք տալ, ուստի առաջարկում ենք որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք նախատեսել ապացույցների հետազոտման նպատակով այլ վայրում դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը:

2.3. Նկատի ունենալով դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին տեղեկացնելու պարտադիր պահանջի անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, առաջարկում ենք Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.«3.Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են գործին մասնակցող անձինք եւ դատավարության այլ մասնակիցները»: Այս կերպ կսահմանվի դատական նիստի եւ՛ ժամանակի եւ՛ վայրի մասին տեղեկացնելու պարտադիր պահանջ, որը կտարածվի թե՛ դատական նիստերի դահլիճում, թե՛ դատական նիստերի դահլիճից դուրս անցկացվող՝ արտագնադատական նիստերի վրա:

3. Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ


Կատարող՝ Հ. Սարդարյան, հեռ. 513 360