« 04 » ապրիլի 2013 թ. ԻՎ-ե- 201
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-226-21.03.2013-ՊԻ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2261 -21.03.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ՀՀ դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, համաձայն որի՝ Արդարադատության խորհրդի դատավոր անդամը չի կարող մասնակցել առանձին որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են «իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց»: Նույնաբովանդակ լրացում է առաջարկվում կատարել նաեւ 4-րդ մասում՝ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի վերաբերյալ: Օրենսգրքի 104-րդ հոդվածում նման դեպքերի համար գործածվում է «մերձավոր ազգական» եզրույթը, որի իմաստն ըստ էության համընկնում է անձի հետ արյունակցական` որոշակի աստիճանի կապի մեջ գտնվող անձ» եզրույթի հետ, թեեւ «մերձավոր ազգական» եզրույթն Օրենսգրքով սահմանված չէ՝ ի տարբերություն «անձի հետ արյունակցական՝ մինչեւ որոշակի աստիճանի կապի մեջ գտնվող անձ» եզրույթի, որի բացատրությունը տրված է Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով: Ուստի կրկնությունից խուսափելու, ինչպես նաեւ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով առաջարկում ենք կիրառել մեկ միասնական տերմին, ընդ որում, ցանկալի է «մերձավոր ազգական» եզրույթը փոխարինել ամուսին կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ որոշակի աստիճանի կապի մեջ գտնվող անձ եզրույթով, քանի որ Օրենսգրքով վերջինիս բովանդակությունը սահմաված է:
1.2. Նախագծով հստակեցված չեն որակավորման ստուգման կազմակերպման աշխատանքներում Դատական դպրոցի կառավարման խորհրդի, Դատական դպրոցի տնօրենի եւԱրդարադատության խորհրդի աշխատակազմի դերը: Մասնավորապես՝ Օրենսգրքի՝ «Որակավորման ստուգումը» վերտառությամբ 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Դատական դպրոցի կառավարման խորհուրդը հրապարակում է գրավոր քննությունների տեսակը, անցկացման կարգը, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման ընթացակարգերը, գրավոր աշխատանքների գնահատականների հիման վրա հավակնորդի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը: Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Դատական դպրոցի տնօրենը: Օրենսգրքի՝ «Դատական դպրոցի գործառույթները» վերտառությամբ 175-րդ հոդվածով նախատեսվում է, որ «դատական դպրոցը սույն օրենսգրքին եւ կանոնադրության նպատակներին համապատասխան կազմակերպում է դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումը»: Մինչդեռ Նախագծից ենթադրվում է, որ որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացումը վերապահվում է Արդարադատության խորհրդի աշխատակազմին: Մասնավորապես՝ Նախագծով նախատեսվում է, որ հայտերը ներկայացվում են Արդարադատության խորհրդի աշխատակազմ (հոդվ. 115, մաս 5-րդ), Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը (հոդվ. 115, մաս 9-րդ), ապահովում է որակավորման գրավոր քննության ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը (հոդվ. 115.1, մաս 2-րդ), հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ (հոդվ. 115.2, մաս 5-րդ), հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհրդին՝ հարցազրույց անցնելու նպատակով (հոդվ. 116, մաս 1-ին), իրավունք ունի հարցումներ կատարել երաշխավորագիր-նամականեր տված անձանցից, ուսումնական հաստատություններից (հոդվ. 116, մաս 5-րդ), Արդարադատության խորհրդի բոլոր անդամների համար ապահովում է հավակնորդների անձնական գործին ծանոթանալու հնարավորություն (հոդվ. 116, մաս 7-րդ) եւ այլն: Այսինքն՝ Նախագծով հստակեցված չեն որակավորման ստուգման կազմակերպման աշխատանքների իրականացման սուբյեկտները:
Միեւնույն ժամանակ, Նախագծով սահմանվում է հայտերը Արդարադատության խորհրդի աշխատակազմ ներկայացնելու պահանջ եւ դիմում (հայտ) ներկայացնելու ժամկետի բացթողումն Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հարգելի համարելու հնարավորություն, սակայն այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են հայտերին կից ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգումը, սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով սահմանված պահանջները չբավարարող հայտերի ընդունման մերժումը եւ այլն, Օրենսգրքով վերապահված են դատական դպրոցի տնօրենին, եւ այս կապակցությամբ Նախագծով համապատասխան փոփոխություններ չեն առաջարկվում:
1.3. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նմանատիպ փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 145-րդ եւ 150-րդ հոդվածներում:
2.Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող՝Հ. Սարդարյան, հեռ. 513-360