«04» ապրիլի 2013 թ.                                                                                                ԻՎ-ե-20 3

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ- 227 - 21 .0 3 .201 3 -ՊԻ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի` «Ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են տեղամասային կենտրոնները փակվելուց անմիջապես հետո: Դրանք կարող են լուսապատճենվել, լուսանկարվել եւ տեսանկարահանվել:»:

Տվյալ հարցի առնչությամբ բազմիցս դիրքորոշում է արտահայտել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը (Կարծիք N 190/20002. Ստրասբուրգ 30.10.2002թ. ): Նշված փաստաթղթի 4-րդ կետի «գ» ենթակետում շեշտվում է, որ «Չպետք է տպագրվի քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը», իսկ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված 52-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ (Վենետիկ, 2002թ. հոկտեմբերի 18,19) Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է մատնանշել քաղաքական ընտրություն, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»:

Նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշված է, որ Ընտրական օրենսգրքի 11-րդ, 31-րդ եւ 33-րդ հոդվածներովառաջարկվող փոփոխություններն ու լրացումները կատարվել են հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2012 թվականի մայիսի 5-ի N 1027 որոշման հիման վրա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դեռեւս իր՝ 16.04.2003թ. ՍԴՈ-412 որոշմամբ արտահայտել է հետեւյալ միտքը, շեշտելով որ « … պաշտպանում էԵվրոխորհրդի «ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացրած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝քվեարկությանը մասնակիցների կողմից արդեն իսկ ստորագրված եւ լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը եւ հրապարակման ենթակա չեն: Սակայն դա չի ենթադրում օրենքով սահմանված կարգով ստուգումների ժամանակ ընտրական ցուցակներին ծանոթանալու անթույլատրելիություն»: Նման իրավական դիրքորոշումը վկայում է, որ ստորագրած ընտրական ցուցակների վրա բացարձակ արգելք դրվել չի կարող, ինչն արտացոլվեց նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 33 եւ 48-րդ հոդվածներում ամրագրված նորմերում` այդ ցուցակներին ծանոթանալու եւ քաղվածքները կատարելու վերաբերյալ»:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, որի «1.,2.,3.»կետերի թվերը առաջարկում ենք փոխարինել «1), 2), 3)»թվերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                           Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան հեռ. 513-636

Ք.Մանուկյան հեռ. 513-425