«14» մայիսի 2013թ.                                                                            ԻՎ-ե-215

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-241-19.04.2013-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի(այսուհետ` Օրենսգիրք) ընդհանուր կառուցվածքը, առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետի «Սույն օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ» բառերը «Սույն հոդվածիեւ սույն օրենսգրքի 139-րդ» բառերով, ինչպես նաեւ «12» թիվը «տաներկու» բառով փոխարինելու հարցը (տես՝ Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության Օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը):

3. Նախագծի 3-րդ հոդվածի3-րդ կետով առաջարկվել է Օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. որի սանկցիայի «առավելագույնը» բառը անհրաժեշտ է փոխարինել «մեկից» բառով այն համապատասխանեցնելով Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասին՝ որպես լրացուցիչ պատիժ:

4. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի դիսպոզիցիայի միջեւ առաջացել է որոշակի հակասություն, որը վերացնելու նպատակովառաջարկում ենք քննարկել վերնագրի «տասնվեց տարին չլրացած անձի հետ» բառերը հանելու հարցը՝ նկատի ունենալով, որ 1-ին մասի սանկցիայով պատասխանատվություն է նախատեսվում ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:

5. Նախագծով առաջարկվել է Օրենսգրքի 141-րդ եւ 142-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ: Սակայն անհասկանալի է նշված հոդվածների 2-րդ մասերով սահմանված հատկանիշներից՝ «քսանմեկ տարին լրացած անձի կողմից» որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք հատկանիշի ամրագրումը, քանի որ անձի տարիքը չի կարող հանցագործության կամ այն կատարողի հանրային վտանգավորության հատկանիշ կամ չափանիշ հանդիսանալ: Կարծում ենք, այս դեպքում բավարար է, որ այն կատարվելէ չափահաս անձի կողմից:

Պատահական չէ, որ, եթե այլ փոփոխությունների հետ կապված Նախագծով բավարար հիմնավորումներ են ներկայացվել, ապա նշված ծանրացնող հանգամանքի վերաբերյալ որեւէ հիմնավորում չկա. ուղղակի նշվում է, որ այն պայմանավորված է արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանով: Բայց, թե հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի բարձ աստիճանը ինչումն է արտահայտվում, պարզ չէ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                         Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ


Կատարողներ՝ Գ.Հովսեփյան հեռ.513-650

Ա. Մանուկյան 513-425