«30» մայիսի 2013 թ.                                     ԻՎ-ե-218

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազական ծառայության մասին»  (փաստաթղթային կոդ Կ-250-20.05.2013-ՊԻ-010/0),  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ Կ-2501-20.05.2013-ՊԻ-010/0), «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-2502-20.05.2013-ՊԻ-010/0) եւ «Հանրային ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ Կ-2503-20.05.2013-ՊԻ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատախազական ծառայության մասին»,  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,   «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է դատախազական ծառայության պաշտոնի անձնագրի հասկացությունը,  եւ միաժամանակ կիրառված է հետեւյալ ձեւակերպումը «դատախազական ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետով այս երկու եզրույթների` անձնագիր (նկարագիր),  միաժամանակյա կիրառությունը նշանակում է, որ դրանք համարժեք եզրույթներ են եւ հետագա ոլորտային օրենքում կարելի է կիրառել դրանցից միայն մեկը: Այս տրամաբանությամբ են առաջնորդվել  ինչպես  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը, կիրառելով միայն «պաշտոնի անձնագիր» բառերը, այնպես էլ այլ ոլորտային օրենքներ: Այսպես` հանրային եւ մաքսային ծառայությունների ոլորտում կիրառվում են «պաշտոնի   նկարագիր»  բառերը, ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության ոլորտում` «պաշտոնի   անձնագիր» բառերը եւ այլն: Այդ կապակցությամբ առաջարկում ենք առաջնորդվել վերոնշյալ սկզբունքով եւ Նախագծում եւս օգտագործել կամ «պաշտոնի նկարագիր»  կամ «պաշտոնի անձնագիր» բառերը:

2.2 Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով դատախազական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատախազական ծառայողների համար դասային աստիճան են սահմանվում 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանը:

Պետական ծառայության  տարբեր ոլորտները կարգավորող օրենքները որպես բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների դասային աստիճան են սահմանում 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը: Առաջարկում ենք Նախագծում եւս բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատախազական ծառայողների համար որպես դասային աստիճան ամրագրել  1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:
Առաջարկում ենք քննարկել նույն հոդվածի 6-րդ մասի   «ոչ ուշ» բառերը «ոչ շուտ» բառերով փոխարինելու հարցը, այդ կերպ այն համահունչ դարձնելով պետական ծառայության  տարբեր ոլորտները կարգավորող օրենքներին:

2.3 Նախագծի 21-րդ  հոդվածի  6-րդ մասում անհրաժեշտ է ամրագրել, թե ում կողմից կարող են բողոքարկվել  փակ մրցույթի արդյունքները, քանի որ առկա կարգավորման պարագայում հավանական բողոքարկողների շրջանակը բաց է, եւ պարզ չէ, արդյոք փակ մրցույթին մասնակցելու համար չդիմած եւ չմասնակցած դատախազական ծառայողները կամ այլ անձինք կարող են բողոքարկել դրա արդյունքերը թե ոչ: 
Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 23-րդ հոդվածի 13-րդ կետում:

2.4 Նախագծի  22-րդ  հոդվածի «փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փակ մրցույթի արդյունքում հաղթող չլինելու եւ նշանակում չկատարելու» բառերով, քանի որ առկա ձեւակերպման պարագայում փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու դեպքերն ու կարգը նախատեսված եւ սահմանափակված չեն:

2.5 Նախագծի 23-րդ հոդվածի 10-րդ կետի «կամ» շաղկապն անհրաժեշտ է փոխարինել «եւ(կամ)» շաղկապներով:

2.6 Առաջարկում ենք քննարկել Նախագծի 24-րդ հոդվածի  2-րդ մասը նույն հոդվածի 5-րդ մասից հետո շարադրելու հարցը` հոդվածի տրամաբանական հաջորդականությունը պահպանելու նպատակով:

2.7 Դատախազական ծառայողի ռոտացիայի հետ կապված հարբերությունները կարգավորելիս անհրաժեշտ է սահմանել ոչ միայն ռոտացիոն կարգով այլ պաշտոնում աշխատելու նվազագույն եւ առավելագույն ժամկետները, այլեւ հիմնական պաշտոնում աշխատելու այն նվազագույն ժամանակահատվածը, որից հետո դատախազական ծառայողը կարող է ենթարկվել ռոտացիայի:

2.8 Առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածը լրացնել այնպիսի դրույթներով, որոնք կկարգավորեն ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ դատախազական ծառայողների ատեսատավորման կարգն ու ժամկետները:

2.9 Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ  «Դատախազական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Նշված օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքի գործողությունը տարածվում է  «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մարմիններում, իսկ այդ հոդվածով ամրագրված մարմինների թվում դատախազության աշխատակազմը ներառված չէ: Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկում ենք քննարկել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացում կատարելու մասին հարցը:

2.10 Առաջարկում ենք Նախագծի 41-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դիտողություն» բառը փոխարինել «նախազգուշացում» բառով` պետական ծառայության բոլոր  ոլորտներում կարգապահական միատեսակ տույժեր նախատեսելու նպատակով:

3. Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ                                Ս.ԹԵՎԱՆՅԱՆ