« 04 » հուլիսի 2013 թ.                                                                                                       ԻՎ-ե- 240

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-293-25.06.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածում բովանդակային առումով առկա են որոշակի անհամապատասխանություններ: Այսպես.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածի «ե)» ենթակետում նշված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Երեխայի խնամքի նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում»: Այս փոփոխության դեպքում բաց է մնում նշանակված, սակայն տարբեր, այդ թվում հարգելի, պատճառներով երեխայի խնամքի համար չվճարված նպաստի հարցը:

2.2.Նախագծի 2-րդ հոդվածի «է)» ենթակետում նախատեսված է «Օրենքի 24-րդ հոդվածում 10-րդ մասի «զ» կետը ուժը կորցրած ճանաչել»: 10-րդ մասում խոսվում է երեխայի խնամքի նպաստի վճարման դադարեցման հիմքերի մասին, իսկ «զ» կետում որպես նպաստի վճարման դադարեցման հիմք է նախատեսված «երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերը»: Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում կստացվի, որ երեխայի մահը խնամքի նպաստի վճարման դադարեցման հիմք չէ եւ վճարումը պետք է շարունակվի: Այլ է վիճակը ծնողի մահվան դեպքում` վճարումը կարող է շարունակվել, քանի որ համաձայն Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի նպաստ ստանալու իրավունք ունեն ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը:

3. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3.1. Առաջարկում ենք.

ա) Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում «Նախագիծ» բառը փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

բ) Նախագծի 1-ին հոդվածի ա), դ), ե), 2-րդ հոդվածիա), բ), ե)ենթակետերում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

գ) Նախագծի 3-րդ հոդվածում «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

դ) Նախագծի հոդվածների մասերի, կետերի եւ ենթակետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                             Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան հեռ. 513-659