«02» սեպտեմբերի 2013 թ. ԻՎ-ե-259
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-312-05.08.2013-ԳԲ-010/0)եւ«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3121 -05.08.2013-ԳԲ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին:
1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք.
1.1 Քննարկել Նախագիծը վերանվանելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էկոլոգիական փորձաքննությունն իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԱԳ) նպատակով, այսինքն ՇՄԱԳ-ը հիմնական ու առաջնային այն նպատակն է, որին հասնելու համար համապատասխան մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ տարբեր միջոցներ, այդ թվում` փորձաքննության իրականացումը, ուստի Նախագծի անվանման մեջ «փորձաքննություն» եզրույթի առկայությունն այնքան էլ արդարացված չէ: Այդ են վկայում նաեւ Անդրսահմանային ենթատեքստումշրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության դրույթները:
1.2 Վերանայել Նախագծի կարգավորման առարկան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՇՄԱԳ գործընթացում հսկայական նշականություն ունի նաեւ հասարակության մասնակցությունը: Ուստի անհրաժեշտ է օրենքի կարգավորման առարկայի մեջ ընդգրկել նաեւ հանրային քննարկումների կազմակերպման եւ հասարակայնության մասնակցության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:
1.3 Նախագծի 4-րդ հոդվածում ամրագրել«ձեռնարկող»-ի հասկացությունը, քանի որ այն բազմիցս կիրառվում է Նախագծի տեքստում, սակայն դրա բովանդակությունը մնում է չբացահայտված: Նշված եզրույթի ներմուծումն օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում` կապահովի Նախագծի համապատասխանությունը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասին:
1.4 Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են` նախատեսվող գործունեության էկոլոգիական վտանգավորության կանխավարկածը (այս սկզբունքը, ըստ էության, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տրամաբանական շարունակությունն է), փորձաքննության անցկացման պարտադիրությունը, փորձագետների անկախությունը, փորձաքննության համալիրությունը:
1.5 Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը հանել փակագծերից եւ շարադրել որպես առանձին կետ կամ պարբերություն: Նույնը վերաբերում է նաեւ 16-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությանը:
1.6 Նախագծի 17-րդ հոդվածի 6-րդ մասում անհրաժեշտ է ամրագրել այն ժամկետը, որի ընթացքում ձեռնարկողը պարտավոր է լրակազմված հայտը ներկայացնել լիազոր մարմնին:
1.7 Նախագծի 21-րդ հոդվածով փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելուհիմքերից դուրս բերել 2-րդ մասի 1-ին կետը` նման դեպքերը սահմանելով որպես փորձաքննական եզրակացության գործողության կասեցման հիմք` մինչեւ համապատասխան հետեւանքների վերացումը` որոշակի սահմանված ժամկետում, իսկ դրանք այդ ժամկետում կամ պատշաճ կերպով չվերացնելու դեպքում միայն` ուժը կորցրած ճանաչել եզրակացությունը:
1.8 Նախագծի22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է Նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա օրենսդրությունը` մասնավորեցնելով, թե միջազգային որ կոնկրետ փաստաթղթի դրույթներով պետք է առաջնորդվեն հարաբերությունների մասնակիցները: Առաջարկում ենք նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասը տեղափոխել Նախագծի 2-րդ հոդված` որպես 3-րդ մաս, ինչպես նաեւ նույն հոդվածին 4-րդ մաս ավելացնելով` ամրագրել, որ ՇՄԱԳ հարաբերություններին հասարակայնության մասնակցության կարգն ու պայմանները սահմանվում են «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայով (Օրհուսի կոնվենցիա):
1.9 Նախագծի34-րդ հոդվածով նախ ամրագրել Օրենքն ուժի մեջ մտնելու պահը, հետո միայն անդրադառնալ նախորդ օրենքի ուժը կորցնելու ժամկետներին: Իհարկե, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորված են ուժի մեջ մտնելու պահի մասին նշումներ չպարունակող նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները, սակայն առավել նպատակահարմար է հենց նախագծով կարգավորել այդ հարցերը` հստակություն ապահովելու եւ նախկին օրենքի գործողության դադարեցման պահը հստակ որոշելու նպատակով:
1.10 Նախագծում առկա են նաեւ բազում լեզվաոճական անճշտություններ եւ շարադրանքի անհստակություններ, որոնք պարտադիր ենթակա են շտկման:
2. Նախագծերի փաթեթում ընդգրկված այլօրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկներ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱՏՈՒ` ՍՈՆԱ ԹԵՎԱՆՅԱՆ