«10» սեպտեմբերի 2013 թ.                                                                                       ԻՎ-ե-266

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ -319-29.08.2013-ՖՎ-010/0) եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ -319 1 -29.08.2013-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Հովհաննես Սահակյանի եւ Ռուբեն Սադոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունն ու լրացումը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը ՝

2.1.«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

2.2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ և դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                                    Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան,հեռ. 513-428