« 20» սեպտեմբերի 2013 թ.                                                                                               ԻՎ-ե-268

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-321-03.09.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Վ. Հովհաննիսյանի, Է. Վարդանյանի եւ Ս. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «սահմանում» բառն առաջարկվում է փոխարինել «կարգավորում» բառով, քանի որ օրենքը ոչ թե սահմանում, այլ կարգավորում է հարաբերություններ:

3. Չնայած այն հանգամանքին, որ Նախագիծը դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին է (դատելով Նախագծի վերնագրից), բուն տեքստում հիմնականում խոսքը գնում է փոխհատուցման կարգ սահմանելու մասին: Այս տեսանկյունից, կարծում ենք, Նախագծի վերնագրի եւ բովանդակության միջեւ կան որոշակի անհամապատասխանություններ:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշվում է խնայողություների փոխհատուցման մասին, ինչը ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է սխալ, այլ նաեւ չի համապատասխանում օրենքի նպատակին:

5. Համաձայն Նախագծի, Կառավարությունը ԱԺ հաստատմանն է ներկայացնում խնայողական ավանդների դիմաց փոխհատուցման կարգը: Միաժամանակ, 4-րդ հոդվածով սահմանվում է, որ «փոխհատուցման տրամադրման մեխանիզմները, մեթոդիկան, փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը, դրա մարման համամասնությունները, ավանդների մարման սկզբնական եւ վերջնական ժամկետները, փոխհատուցման հաջորդականությունը, առաջնայնությունները, արտոնությունները եւ ժամկետները՝ ըստ ավանդատուների առանձինկատեգորիաների սահմանում է ՀՀ կառավարությունը»: Հիշյալ ձեւակերպումներից պարզ չի դառնում, եթե վերոհիշյալլը սահմանելուէ կառավարությունը, ապա այդ դեպքում ինչ է իր մեջ ներառելու կարգը:

6. Հոդված 5-ից «որպես պաշտպանված հոդված» արտահայտությունը պետք է հանել, քանի որ ՀՀ բյուջետային օրենսդրության մեջ նման հասկացություն չկա:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության խորհրդատու                                                                                           Գ. Կիրակոսյան

20.09.2013թ.