«02» հոկտեմբերի 2013 թ.                                                                                                 ԻՎ-ե-277

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-331-20.09.2013-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1 Նախագծով առաջարկվող օրենքի վերնագիրն է «Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտարժույթի մասին», սակայն մեկ հոդված ունեցող իրավական ակտում խոսվում է միայն արտարժութային գների արգելման մասին, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, այն է` «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»: Նախագիծը խնդիրներ ունի նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի հետ, համաձայն որի «Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները»:

2.2 Նախագծում նախատեսվում է արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթային գները, սակայն նշված չեն տվյալ դրույթի չկատարման դեպքում ինչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ: Փաստորեն հաշվի չի առնվել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, համաձայն որի «Նորմատիվ իրավական ակտում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն»:

2.3 Նախագծում նախատեսված չէ ուժի մեջ մտնելու ժամկետը: Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում: Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

2.4 Հարկ է նշել, որ Նախագծում նախատեսվող հարաբերությունները կարգավորվում են «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (24.11.2004թ. ՀՕ-135-Ն), որի 2-րդ հոդվածում նշված է. «Արժութային գործարքները, արժութային գործարքներ իրականացնող անձանց գործունեությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտերով»: Հետեւաբար, Նախագծով պետք է նախատեսվեին փոփոխություններ կատարել վերը նշված իրավական ակտերում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                        Ա.ՍԱՐԳՍՅԱՆ