«09»հոկտեմբերի 2013 թ.                                                                          ԻՎ-ե-287

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-332-20.09.2013-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ պահանջին (բացակայում է գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը), իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2.Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի. « Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված չէ Օրենքի 8-րդ հոդվածի այն մասը, որում առաջարկվում է կատարել լրացումը (չնայած ակնհայտ է, որ լրացումը վերաբերում է այդ հոդվածի 1-ին մասին), եւ բացի այդ` առաջարկվող լրացումն էլ առաջարկում ենք կատարել ոչ թե Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում (որտեղ թվարկված են բանկային գործառնությունների տեսակները), այլ այդ հոդվածում` որպես նոր 1.1.-րդ մաս:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1.-րդ մասով.», իսկ լրացման «բա» տառերն էլ փոխարինել «1.1.» թվով:

4. Անհրաժեշտ է ճշտել նաեւ Նախագծի վերնագիրը, Մասնավորապես` «ՕՐԵՆՔՈւՄ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ» բառերը, իսկ «ԼՐԱՑՈւՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԼՐԱՑՈւՄ» բառով:

5. Անհրաժեշտ է ավելացնել նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթ:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի փորձաքննության
վարչության գլխավոր մասնագետ`                                                      Գ. Սաֆարյան

09.10.2013թ.