«27» սեպտեմբերի 2013 թ.                                                                                                  ԻՎ-ե-272

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-335-23.09.2013-ԳԿ-010/0), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3351 -23.09.2013-ԳԿ-010/0) եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3352 -23.09.2013-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերի վերջին հոդվածները չեն համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին: Այսպես.

ա) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածը եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված են որպես «Անցումային դրույթներ», այն դեպքում, երբ դրանցով սահմանվում են օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետները, իսկ այդ ժամկետներն էլ, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի, կարող են ներառվել օրենքի եզրափակիչ մասում: Այս կապակցությամբ առաջարկում ենք այդ նախագծերի նշված հոդվածների վերնագրերի «Անցումային դրույթներ» բառերը փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով, կամ էլ` ընդհանրապես հանել այդ հոդվածների վերնագրերը, քանի որ տվյալ նախագծերի մյուս հոդվածները վերնագրեր չեն պարունակում,

բ)«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 5-րդ հոդվածը նույնպես վերնագրված է որպես «Անցումային դրույթներ», այն դեպքում, երբ դրանով սահմանվում է ինչպես օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ (այսինքն` եզրափակիչ մասին բնորոշ դրույթ), այնպես էլ անցումային դրույթներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանված են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս կապակցությամբ առաջարկում ենք`

-օրենքի ուժի մեջ մտնելու դրույթը (Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը) սահմանել որպես եզրափակիչ մասի դրույթ (վերնագիրը հանել կամ էլ այն վերնագրել որպես «Եզրափակիչ մաս»),

- Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող անցումային դրույթները լրացնել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի (նաեւ նախագծի) 18.1-րդ հոդվածի վերջում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ նախագծի ընդունումից եւ պաշտոնական ինկորպորացիայից հետո այդ դրույթներն ուղղակի «կտարալուծվեն» ամբողջ օրենքի տեքստում` առաջացնելով որոշակի տարընթերցումներ:

3. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացման տեքստի` նոր 18.1.-րդ հոդվածի 21-րդ մասի 1-ին կետում օգտագործվում է «արտաքին եւ ներքին գնահատման արդյունքներ» հասկացությունը, որը նոր հասկացություն է տվյալ օրենքի համար եւ սահմանման ու հստակեցման կարիք է զգում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

27 .09.2013թ.