«0 4 »հոկտեմբերի 2013 թ.                                                                                                ԻՎ-ե-282

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-354-02.10.2013-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծի վերնագիրը ճշգրտման կարիք ունի, մասնավորապես` դրանից անհրաժեշտ է հանել առաջին «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «լրացումներ» բառն էլ անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով, քանի որ Նախագծով նախատեսվում է կատարել մեկ լրացում (մեկ հոդվածի տեսքով) : Այսինքն, Նախագիծն անհրաժեշտ է վերնագրել որպես «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»:

4. Նախագծի 1-ին հոդվածի «օրենքում (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 9-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «օ րենքը լրացնել նոր՝ 9-րդ հոդվածով.» բառերով` հանելով « (այսուհետ` Օրենք) » բառերը (այս հապավումը հետագայում չի օգտագործվում) եւ Նախագծի 1-ին հոդվածի առաջին նախադասությունը համապատասխանեցնելով կիրառվող պրակտիկային:

5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստի 3-րդ մասում, խմբագրական առումով, առաջարկում ենք «ռեգիստրի հիման վրա» բառերը փոխարինել «ռեգիստրի տվյալների հիման վրա» բառերով (ընդ որում` նույն խնդիրն առակա է նաեւ բուն Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում):

6. Նախագծի 2-րդ հոդվածի «դրան հաջորդող տարիների» բառերը, մեր կարծիքով, անհրաժեշտ է փոխարինել «2015 թվականի» բառերով, քանի որ առաջարկվող անցումային դրույթները վերաբերում են միայն 2014 եւ 2015 թվականներին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից գործելու է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, որն էլ տարբերվում է անցումային դրույթներով նախատեսված կարգավորումից, ուստի ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում 2016 թ. հունվարի 1-ից հակասություն կառաջանա Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 9-րդ հոդվածի 2-րդ մասի միջեւ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                              Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

04.10.2013թ.