04.11.2013 թ .                                                                                     Փվ -300

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-367-16.10.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:


1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունում լրացնել նոր նախադասություն` «Հերթական ընդհանուր ժողով կարող է (են) հրավիրել նաեւ առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը»: Սակայն նշված լրացումը, ի տարբերություն արտահերթ ժողովի գումարման մասով նախատեսվածի, անիմաստ է դառնում, քանի որ ՍՊԸ-ի հերթական ընդհանուր ժողովի հրավիրման նվազագույն ժամկետները սահմանված են Օրենքով, իսկ հերթական ժողովի հրավիրման այլ պարբերականությունն էլ կարող է սահմանվել կազմակերպության կանոնադրությամբ, ուստի հերթական ժողովը, այսպես թե այնպես, պետք է հրավիրվի` անկախ այն հանգամանքից, թե ով ունի դրա հրավիրման իրավունքը, իսկ ցանկացած այլ ժամկետում հրավիրված ժողովները կարող են լինել միայն արտահերթ, որի մասով արդեն Նախագծի երկրորդ հոդվածով առաջարկվող լրացումը միանգամայն ընդունելի է: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածը հանելու հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                           Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ`                                                                                        Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ