ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-370-25.10.2013-ՊԻ-010/0), «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ` Պ-3701 -25.10.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 103.1-րդ հոդվածով, որի 4-րդ մասով սահմանվում է ՀՀ գլխավոր դատախազի ՀՀ Ազգային ժողովի նիստում հաղորդման քննարկման առանձնահատուկ ընթացակարգը:

Բառարանների համաձայն հաղորդումը[1] , որպես կանոն, ընդունվում է ի գիտություն, քանի որ այն որեւէ մեկի կողմից հաղորդվող տվյալներ` տեղեկություններ են: Հաղորդման միջոցով անձը ընդամենը տեղեկություն է հայտնում ինչ-որ իրավիճակային բնույթի հարցի վերաբերյալ, իսկ հաշվետվությունը [2]   գրավոր կամ բանավոր պաշտոնական զեկույց է վերադաս անձին՝ կազմակերպության աշխատանքների արդյունքների մասին: Այսինքն, այն ներկայացվում է որոշակի ժամկետում որոշակի գործունեություն իրականացնելուց հետո: Ուստի, եթե հաղորդումն ընդունվում է ի գիտություն, այն չի կարող քննարկման ենթակա լինել գլխադասային հանձնաժողովում, հետեւաբար գլխադասային հանձնաժողովն էլ չի կարող հանդես գալ հարակից զեկուցմամբ:

Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի ինչպես 101-րդ հոդվածով, այնպես էլ 103-րդ հոդվածով նախատեսված են համապատասխանաբար՝ Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների եւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը ՀՀ Ազգային ժողովում (իրենց առանձնահատկություններով), որոնք իմաստային առումով համահունչ է վերոհիշյալ առաջարկի հետ:

Փաստենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրության 83.3-րդ, 83.4-րդ, 103-րդ հոդվածների համաձայն ՀՀ դատախազին, Կենտրոնական բանկի եւ Վերահսկիչ պալատի նախագահներին՝ ՀՀ Նախագահի առաջարկությամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը, ինչը նշանակում է, որ նրանց կարգավիճակներն ու նշանակման ընթացակարգերը նման են, հետեւաբար եւ տրամաբանական կլիներ նրանց հաշվետու լինելու միջոցների նմանությունը:

Առաջարկում ենք քննարկել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվող փաստաթուղթը »հաղորդում» կոչելու փոխարեն «հաշվետվություն» անվանելու հարցը՝ հաշվի առնելով դրա իմաստային եւ բովանդակային նշանակությունը:

Նույն առաջարկը վերաբերում է նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-րդ հոդվածով առաջարկվող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությանը:

2.                Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «քան» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի» բառերը:

  3.       Առաջարկում ենք «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով:

 

 

 

ՀՀ ԱԺ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ                                                     ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Կատարող՝ Ա. Լալայան

հեռ. 513-425            

  11.11.2013թ.