«19» նոյեմբերի 2013 թ.                                                                                                        ՓՎ-ե-310

«19» նոյեմբերի 2013 թ.                                                                                                        ՓՎ-ե-310

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-373-31.10.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Նախագծով առաջարկվող լրացումը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Օրենքներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է. «Կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Նկատի ունենալով Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, այն է՝ առավել արդյունավետ եւ նպատակային դարձնել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, առաջարկում ենք քննարկել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) շրջանակներում, մասնավորապես՝ 42-րդ հոդվածում նոր պարբերությամբ սահմանելու հարցը, հստակ ամրագրելով թե Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգապահական կոպիտ ո՞ր խախտումներն են ենթակա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի քննությանը: Առավել եւս, որ«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին»ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարտավոր է պարզել` այդ արարքը համապատասխանում է արդյո՞ք Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգապահական կոպիտ խախտումների հատկանիշներին, թե ոչ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝                                                                                         Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝

Ս. Համբարձումյան

հեռ. 513 360