«14» նոյեմբերի 2013 թ.                                                                                               Փ Վ-ե-306

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-378-06.11.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք` Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

2.1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «9-րդ կետը» բառերը առաջարկում ենք փոխարինել «9-րդ մասը» բառերով, քանի որ Օրենքի 6-րդ հոդվածում 9-րդ կետ չկա:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                           Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

14.11.13թ.