«19» նոյեմբերի 2013 թ.                                                                                                         ՓՎ-ե-309

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-356-02.10.2013, 14.11.2013-ՍՀ-011/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է կրճատել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնող անձանց շրջանակը (թեեւ Նախագծի հիմնավորման մեջ այս երեւույթը ներկայացվել է որպես «արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգի հստակեցում»), իսկ 2-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի ստացման հնարավորությունից զրկել կերակրողին կորցրած եւ աշխատանքային կենսաթոշակի տարիքի հասած անձանց, ինչպես նաեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին եւ տատին, եթե նրանք չեն աշխատում եւ չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում: Ընդ որում, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Օրենքի որոշ դրույթներ չեն բխում ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից, չեն համապատասխանում ձեւավորված սոցիալ-տնտեսական իրողություններին եւ միջազգային փորձին:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված են այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են` «ապահով ծերություն` հասարակության յուրաքանչյուր անդամի համար» սկզբունքը, «3.4.1. Սոցիալական քաղաքականությունը» բաժնով նախատեսված` կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ` նվազեցնելու, ապա իսպառ բացառելու ուղղությամբ շարունակական ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ աղքատության հաղթահարման ուղղությամբ նախատեսված առաջնային մի շարք ծրագրեր: Հետեւաբար, սույն Նախագծով առաջարկվող`նշված փոփոխությունները համահունչ չեն ՀՀ կառավարության ծրագրային դրույթներին եւ չեն նպաստում աղքատության հաղթահարմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության
տնտեսական եւ սոցիալական փորձաքննության
բաժնի վարիչ`                                                                                                  Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

19.11.2013թ.