«29»նոյեմբերի 2013 թ.                                                                                                        ՓՎ-ե-319

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-099-01.10.2012,15.11.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքնության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն օրենքի նախագծի վերաբերյալ (Կ-099-01.10.2012-ՏՀ-010/0 փաստաթղթային կոդով) Վարչության կողմից 2012 թվականի հոկտեմբերի 12-ին ներկայացվել է N ԻՎ-ե-97 եզրակացությունը, որի որոշ դրույթներ անհրաժեշտ ենք համարում կրկին ներկայացնել:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1.1. Առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի՝ «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

1.2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

1.3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածների «հոդված 28-ի», «հոդված 37-ում», «հոդված 53-ի» եւ «հոդված 59-ի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Օրենքի 28-րդ հոդվածի», «Օրենքի 37-րդ հոդվածում», «Օրենքի 53-րդ հոդվածի» եւ «Օրենքի 59-րդ հոդվածի» բառերով:

1.4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը նոր հետեւյալ խմբագրությամբ շարադրելու հարցը`

«Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը`

1) 1-ին մասի 2-րդ պարբերության «արտադրության» բառից հետո լրացնել «հաղորդման» բառով,

2) լրացնել նոր 2.1.-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.»

1.5. Նախագծի 5-րդ հոդվածի «2-րդ կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասի» բառերով՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով:

1.6. Նախագծի 6-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան ,հեռ. 513-428