« 1 6 » դեկտեմբերի 2013 թ.                                                                                             Փ Վ-ե- 34 4

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» (փաստաթղթային կոդ` Կ-390-22.11.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին:

1. Նախագծի վերաբերյալ առաջարկում ենք.

1.1 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի

ա) 3-րդ կետով ՌԱՀ գոծունեության սուբյեկտներին սահմանելիս «ֆիզիկական անձինք» հասկացության փոխարեն օգտագործել «անհատ ձեռնարկատեր» հասկացությունը, քանի որ ֆիզիկական անձը չի կարող հանդիսանալ ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող:

բ) 7-րդ կետով «կլաստեր» բառի փոխարեն օգտագործել դրա հայերեն համարժեքը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով:

գ) 10-րդ եւ 11-րդ կետերը խմբագրել, քանի որ 10-րդ կետով սահմանվում է ռազմական պետական պատվերի հասկացությունը, որի մեջ միաժամանակ բացահայտվում է «ռազմական ապրանք» հասկացությունը, մինչդեռ 11-րդ կետը վերաբերում է հենց նշված հասկացությանը, սակայն գործող ձեւակերպմամբ իրենից կրկնաբանություն է ներկայացնում: Առաջարկում ենք 10-րդ կետի ռազմական ապրանքի հասկացությունն արտացոլող հատվածը տեղափոխել 11-րդ կետ: Բացի այդ 10-րդ կետում տրված ձեւակերպումից բխում է, որ «ռազմական պետական պատվերը» գույքով ապահովման գործառույթ է, այնինչ պատվերը գործառույթ լինել չի կարող, այն կարող է լինել որոշակի գույքային կարիքներ բավարարելու միջոց, եղանակ, հիմք, ուստի նշված կետը խմբագրման կարիք ունի նաեւ այս տեսանկյունից:

դ) 12-րդ կետից հանել հոգնակի ձեւով օգտագործվող տերմինները, որոնք կրկնում են նույն եզրույթի եզակին, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասով այս խնդիրը կարգավորված է:

ե) 13-րդ եւ 14-րդ կետերում «ֆիզիկական անձ» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի մատակարաման պայմանագրի կողմ կարող է լինել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը:

զ) ամրագրել «ռազմական պետական պատվերի տեղադրում» հասկացությունը, որը Նախագծում բազմիցս օգտագործվում է, սակայն դրա բովանդակությունը սահմանված չէ:

1.2 Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «առավելագույնս» բառը փոխարինել «ըստ անհրաժեշության բառով»:

1.3 Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի բ. ենթակետում օգտագործվող «ՌԱՀ զարգացման ծրագրերի նախագծեր» բառերը համապատասխանեցնել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որով սահմանվում է, որ ՀՀ նախագահը հաստատում է ՌԱՀ-ի զարգացման ծրագիրը: Բնականաբար չեն կարող լինել մի քանի ծրագրերի նախագծեր:

1.4 Նախագծի 9-րդ հոդվածը խմբագրել այնպես, որ չստեղծվի այն տպավորությունը, թե ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ վարչապետ, այլ հստակ արտացոլվի հոդվածի տրամաբանությունը:

1.5 Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ մրցութային փաստաթղթերում նշվում է պահանջվող ապրանքի անվանումը կամ ապրանքային նշանը: Սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որեւէ առեւտրային նշանի … , բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:Ռազմական ապրանքների մասով նշված օրենքը որեւէ բացառություն չի նախատեսում: Կարծում ենք, որ ռազմական գույքի, կամ սպառազինության ձեռք բերման ապրանքային նշանով պայմանավորված լինելը կարող է արդարացված եւ հիմնավոր լինել, սակայն օրենքների միջեւ հասկասություններից խուսափելու համար, առաջարկում ենք միջոցներ ձեռնարկել դրանք միմյանց համապատասխանեցնելու ուղղությամբ:

1.6 Նախագծի 16-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված կանոնները, այն է պետական պատվիրատուի հետ համաձայնեցման պահանջը, կիրառել, ոչ թե այն դեպքում, երբ կնքվող պայմանագրերի ընդհանուր գինն է գերազանցում պետական պայմանագրով մատակարարվող ապրանքների գնի 20%-ը, այլ յուրաքանչյուր կնքվող պայմանագրի դեպքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ                                                                                        ՍՈՆԱ ԹԵՎԱՆՅԱՆ