« 16 » դեկտեմբերի 2013 թ.                                                                                    Փ Վ-ե- 342

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-397-26.11.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագիծը համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը (ըստ որի` արդյունաբերական քաղաքականության իրականացման բնագավառում, որպես ՀՀ կառավարության լիազորություն, ամրագրվում է. «իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված այլ լիազորություններ:») չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես` դրա 5-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի. « Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւկյալ խմբագրությամբ. «իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

3. Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության պահանջին, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:» (Նախագծի ամբողջ տեքստում, որպես կանոն, հոդվածների մասերը համարակալված չեն):

4. Նախագծի 3-րդ հոդվածում`

ա) «արդյունաբերություն» հասկացության սահմանումը վերաիմաստավորման կարիք ունի, քանի որ բացառությունների շարքում չի նշվում ծառայությունները, անհայտ է մնում, թե ի՞նչ «կարգավիճակ» է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտին եւ այլն,

բ) «արդյունաբերական գոտի» հասկացության բովանդակությունը հակասում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին եւ այս երկու օրենքներով տրվող միեւնույն հասկացությունների միջեւ բովանդակային համապատասխանության ապահովման անհրաժեշտություն է զգացվում:

5. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որպես ՀՀ կառավարության կողմից պետական կարգավորման գործառույթ, նշվում է. « գերակա ճյուղերում վարկերի մատչելիության եւ հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում»-ը, որը ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթ է (առաջարկում ենք հանել այս կետը):

6. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. « Սույն հոդվածի առաջին մասով սահմանված չափորոշիչները կարող են փոփոխվել եւ լրամշակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:», սակայն ակնհայտ է, որ որեւէ իրավական ակտով, բացառությամբ օրենքի, հնարավոր չէ փոփոխել օրենքով սահմանված որեւէ նորմ: Առաջարկում ենք Նախագծից հանել նշված մասը:

7. Նախագծի մի շարք հոդվածներով սահմանվում են նոր գործառությոթներ եւ պարտականություններ, որոնց խախտման համար համապատասխան պատասխանատվություն սահմանված չէ, ուստի տվյալ Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կամ լրացումներ կատարել առնվազն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որի նախագիծը բացակայում է:

8. Նախագծում առկա են նաեւ խմբագրական բազմաթիվ թերություններ, իսկ մի շարք հոդվածների դրույթներն էլ խիստ ընդհանրական (դեկլարատիվ) բնույթ ունեն եւ օրենքի կիրարկման ընթացքում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջացնել:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ`                                        Ա. Գալստյան

ՀՀ ԱԺ Աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ`                  Գ. Սաֆարյան

16.12.2013թ.