04.12.2013 թ.                                                                                                                          ՓՎ-ե-325

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-405-27.11.2013-ՍՀ-010/0 ) , «Պետական նպաստների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4051 -27.11.2013-ՍՀ-010/0 ) , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4052 -27.11.2013-ՍՀ-010/0 ) , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4053 -27.11.2013-ՍՀ-010/0 ) , «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4054 -27.11.2013-ՍՀ-010/0 ) եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4055 -27.11.2013-ՍՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» , «Պետական նպաստների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, սակայն Փաթեթի կազմում ընդգրկված` «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների նախագծերը չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2.-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջին (Նախագծերի հիմնավորման մեջ նշված չեն դրանցով նախատեսվող կարգերի եւ իրավական այլ ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները):

2. Փաթեթի կազմում ընդգրկված օրենքների նախագծերը համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Փաթեթի կազմում ընդգրկված օրենքների նախագծերը համապատասխանում են օրենսդրական տեխնիկայի կանոններին:

4. Փաթեթի կազմում ընդգրկված «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների նախագծերի որոշ դրույթներ չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես.

4.1. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, որպես պետական մարմին հանդիսացող Համալիր կենտրոնների լիազորություն, սահմանվում է հետեւյալը. «իրականացնում է uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ լիազորություններ:», այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այս հակասությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի «uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

4.2. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 28-րդ հոդվածը վերնագրված է որպես «Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումների կայացման ժամկետները եւ դրանց բողոքարկման կարգը», սակայն այս հոդվածում նշված որոշումների բողոքարկման կարգը բացակայում է: Ընդ որում, այս կարգը, համաձայն ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 1-ին կետի, կարող է սահմանվել բացառապես օրենքով, ուստի անհրաժեշտ է նշված հոդվածը լրացնել համապատասխան կարգը սահմանող դրույթներով:

4.3. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Ընտանեկան դրամագլուխը, մինչեւ երեխայի, ում անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը (այսուհետ՝ հաշվետեր), 18 տարին լրանալը, տնօրինվում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) կողմից՝ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով եւ կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:»: Այս առումով հարկ է նշել, որ ընտանեկան դրամագլխից վճարումներ կատարելու` երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) իրավունքը (այդ թվում` նաեւ նշված գումարի տնօրինման իրավունքը) չի կարող իրականացվել բացառապես ՀՀ կառավարության սահմանած պայմաններով եւ կարգով, քանի որ այս մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 1-ին կետին, ըստ որի` բ ացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում. «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը. »: Հետեւաբար, տվյալ նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասն ամբողջությամբ վերաշարադրման կարիք է զգում` հաշվի առնելով նշված հակասության վերացման անհրաժեշտությունը, իսկ երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող օրինական ներկայացուցչի` ընտանեկան դրամագլխից վճարումներ կատարելու իրավունքի իրականացման պայմանները եւ կարգն անհրաժեշտ է սահմանել սույն Նախագծով:

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

5. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 13-րդ հոդվածում օգտագործվում են «արվեստի միջոցով թերապիա», «աշխատանքային թերապիա», «օկուպացիոն թերապիա» եւ «սոցիալական պատրոնաժ» հասկացություները, որոնք տվյալ Նախագծով սահմանման անհրաժեշտություն են զգում:

6. Նախագծի 15-րդ հոդվածում, ՀՀ կառավարության լիազորությունների շարքում, սահմանվում է հետեւյալ լիազորությունը. «իրականացնում է միաuնական պետական քաղաքականությունը», ինչը գրեթե նույնությամբ (ավելացվում են միայն «մշակում եւ» բառերը) սահմանվում է նաեւ Uոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունների ցանկում, ինչն իրենից լիազորությունների կրկնություն է ներկայացնում եւ հստակեցման կարիք է զգում:

7. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասում անհարկի օգտագործվում է «(պրոտոկոլ, ռեգլամենտ)» օտարահունչ բառերը, որոնք առաջարկում ենք փոխարինել «կամ գրավոր այլ փաստաթղթի» բառերով:

« Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

8. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագ իծ) 22-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը (ըստ որի` Խորհուրդը եռամսյակային հրատապ oգնության տրամադրման մասին առաջարկությունը տալիս է, հաշվի առնելով` «ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը առավելապեu այլ uոցիալական խումբ ունեցող .») տարընթերցումների տեղիք կարող է տալ եւ խմբագրական առումով հստակեցման կարիք ունի:

9. Նախագծի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն` երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է. «երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին նպաստը նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում:», ինչը բավականին անորոշ ձեւակերպում է (հստակ չի երեւում, թե ու՞մ մեղքով չվճարելու դեպքի մասին է խոսքը) եւ տարընթերցման ու անհարկի մեկնաբանությունների տեղիք է տալիս: Տվյալ կետից (կամայական մեկնաբանության դեպքում) այն տպավորությունն է ստեղծվում, որ եթե նպաստ վճարողին (տվյալ դեպքում` պետական մարմնի տարածքային ծառայությանը) «հաջողվի» 12 ամիս խուսափել նպաստի վճարումից, ապա նշված նպաստ ստանալու իրավունքը կդադարեցվի միանգամայն օրինական հիմքերով:

Այս տեսանկյունից, կարծում ենք, չի կարելի համաձայնել ՀՀ կառավարության կողմից Փաթեթին կից ներկայացված «Հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության» հետ, ըստ որի. «... նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցին գործոն չեն պարունակում: »: Նշված կետն ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկ եւ համապատասխանում է Կարգի 9-րդ կետի (որով սահմանված են կոռուպցիոն հիմնական գործոնների ցանկը) 4-րդ ենթակետին, ըստ որի` կոռուպցիոն հիմնական գործոններից են. « իրավական-լեզվաբանական կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Իրավական-լեզվաբանական կոռուպցիոն ռիսկերի առկայությունը որոշվում է` ելնելով օրենսդրական տեխնիկայի կանոններից: Կոռուպցիոն գործոններն արտահայտվում են իրավական ակտում երկիմաստ եզրույթների, իրավական ակտի լեզվի ոչ հստակության, պարզության, մատչելիության գնահատողական բնույթի հասկացությունների, միեւնույն հասկացությունը տարբեր եզրույթներով արտահայտելու միջոցով.»:

Այս կապակցությամբ, անհրաժեշտ է տվյալ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի մեղքով նպաստը նշանակելու օրվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում նպաստը չստանալու դեպքում:»:

10. Նմանատիպ (կոռուպցիոն ռիսկի առկայության) խնդիր գոյություն ունի նաեւ Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, ըստ որի` ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է. «նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.», որից նույնպես այն տպավորությունն է ստեղծվում, որ եթե նպաստ վճարողին «հաջողվի» 12 ամիս խուսափել նպաստի վճարումից, ապա նշված նպաստ ստանալու իրավունքը կդադարեցվի միանգամայն օրինական հիմքերով: Հետեւաբար, նշված 9-րդ կետն անհրաժեշտ է ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի մեղքով տասներկու ամիս անընդմեջ նպաստ չստանալու դեպքում.»:

11. Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. « Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից, ինչը նույնպես տարընթերցման հնարավորություն է տալիս (մասնավորապես` հստակ չի հասկացվում, թե ո՞ր տարվա մասին է գնում խոսքը): Այս կապակցությամբ, առաջարկում ենքայս մասի «տվյալ» բառը փոխարինել «այդ իրավունքի դադարեցման» բառերով:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

12. Այս նախագծերի 2-րդ հոդվածների համաձայն, դրանք նախատեսվում է ուժի մեջ մտցնել « պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը », այն դեպքում, երբ օրենքների մայր նախագծերը, որոնց կիրարկման ապահովման նպատակով էլ պետք է ընդունվեն այս նախագծերը, նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2014 թվականի հունվարի 1-ից: Այս կապակցությամբ, առաջարկում ենք Փաթեթի կազմում ընդգրկված բոլոր նախագծերի համար սահմանել օրենքն ուժի մեջ մտնելու նույն ժամկետը:

13. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ դրանք հետագա տեքստում չեն օգտագործվում:

Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

04.12.2013թ.