«09» դեկտեմբերի 2013 թ.                                                                                        ՓՎ-ե-332

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-404-27.11.2013-ՍՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4041 -27.11.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության առումով անհրաժեշտ է նշել, որ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին կից տեղեկանքում « Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ եւ 16-րդհոդվածներըչեն ներկայացվել:

2. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին« ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Մ իջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից, Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը առաջարկում ենք քննարկել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի դրույթների համատեքստում:

2.2. Չնայած Նախագծերի փաթեթի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է որ, ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարումների վրա հիմնված նպաստ է, սակայն մեր կարծիքով, այդ նպաստն ամենեւին էլ վճարումների վրա հիմնված նպաստ չէ (այս նպատակով որեւէ հարկ կամ պարտադիր վճար չի գանձվում), այլ ընդհակառակը` Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. « Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:», հետ եւաբար` չի կարելի պետական այս նպաստի վճարումը կապել աշխատանքային ստաժի հետ: Իսկ այն մոտեցումը, որ անձին կարող է նշանակվել եւ վճարվել նպաստ, օրինակ, ընդամենը մեկ օր աշխատելու (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու) դեպքում, միանգամայն ճիշտ է եւ հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենքի համաձայն անաշխատունակության 1-ին օրվա համար ընդհանրապես անաշխատունակության նպաստ չի տրվում, իսկ 2 եւ ավելի օրերի համար (եթե մեկ ամսից պակաս է աշխատանքային ստաժը) ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն հաշվարկվում ոչ թե միջին ամսական, այլ միջին օրական (միջին ժամային) վարձատրության չափ: Ուստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստը պետք է վճարվի անկախ աշխատողի աշխատանքային ստաժից:

Բացի այդ, տվյալ մոտեցման կիրառման արդյունքում, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ն ախագծի 1-ին հոդվածի լրացման եւ 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունների 2-րդ մասի միջեւ հակասություն է առաջանում. համաձայն նշված լրացման` անձը նպաստի իրավունք է ստանում. «...եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում գործատուների հետ աշխատանքային հարաբերության մեջ է գտնվել առնվազն 6 օրացուցային ամիս...», իսկ նշված փոփոխության համաձայն. «Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների ... համար վարձու աշխատողի հաշվարկված (հաշվարկման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:»: Այս դեպքում, օրինակ, հնարավոր չի լինի հաշվարկել 7 ամիս աշխատած (որը տալիս է նպաստի իրավունք) անձին ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը, քանի որ նա 12 ամիս չի աշխատել, իսկ Նախագիծն էլ թույլ չի տալիս 7 ամսվա եկամուտը բաժանել 7-ի վրա` նրա միջին աշխատավարձի չափը որոշելու համար: Տվյալ տեսքով ընդունվելու դեպքում անհիմն խտրական վերաբերմունք կառաջանա աշխատողների միջեւ` կախված նրանց աշխատանքային ստաժից:

2.3. Նախագծով նշվում է, որ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմք է ընդունվում նաեւ վարձու աշխատողին վճարված պարգեւատրումները, որի արդյունքում (նաեւ արհեստականորեն) ստեղծվում է մի իրավիճակ, երբ վարձու աշխատողին վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստն ավելի բարձր է լինում, քան այն աշխատավարձը, որը անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի, այն դեպքում, երբ այս նպաստի նպատակը ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձիփոխհատուցումն է: Այս առումով, հարկ է նկատի ունենալ, որ եթե աշխատողին օրինական կարգով վճարվել է աշխատավարձ (իսկ պարգեւատրումներն էլ այդ աշխատավարձի բաղկացուցիչ մասերն են, ինչը հաշվի է առնվում նաեւ արձակուրդային վճարների հաշվարկման ժամանակ), նշանակում է, որ դրանից կատարվել է նաեւ եկամտային հարկի գծով պահումներ, այսինքն` ավելի շատ է պահվել եկամտային հարկ, քան դա կարող էր կատարվել, եթե աշխատողին պարգեւատրում չտրվեր: Հետեւաբար, գործող մեխանիզմը միանգամայն արդարացի է, եւ ՀՀ կառավարության ներկայացրած փաստարկը կարելի է ճիշտ համարել միայն այն դեպքի համար, երբ տրված լինի կեղծ պարգեւատրում, որից եկամտային հարկ գանձված չէ, ինչն էլ համապատասխան մարմինների կողմից կարող է հեշտությամբ ստուգվել եւ հայտնաբերվել` դրանից բխող օրինական հետեւանքներով հանդերձ:

2.4. Նախագծի 2-րդ հոդվածի «Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝...» բառերը հստակեցման կարիք ունեն, քանի որ, Օրենքի 11-րդ հոդվածը բաղկացած է միայն մասերից եւ 2-րդ մասը կետեր չունի:

2.5 Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «օրվա դրությամբ սահմանված» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «հաշվարկային» բառը, քանի որ մնացած բոլոր դեպքերի համար նույնպես սահմանված է հաշվարկային նվազագույն ամսական աշխատավարձը :

2.6. Նախագծի 4-րդ հոդված ի 2-րդ մասի «օրենքի» բառը առաջարկում ենք հանել, քանի որ, 3-րդ եւ 6-րդ մասերում կատարվող փոփոխությունը վերաբերվում է ոչ թե օրենքին այլ 22-րդ հոդվածին:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ՝                                                                 Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                     Ա. ԼԱԼԱՅԱՆ