«25» դեկտեմբերի2013 թ.                                                                                           ՓՎ-ե-347

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-413-09.12.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) կատարել լրացումներ, մինչդեռ, ներկայացված Նախագիծը վերնագրված է «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»: Այս կապակցությամբ Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին եւ շարադրել նոր խմբագրությամբ` «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ եւ 7-րդ մասերով, որոնցով նախատեսվում է սահմանափակել դատապարտյալների որոշ իրավունքներ` ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում: Այս կապակցությամբ առաջարկում ենք առաջարկվող լրացման 6-րդ մասից հանել «կալանավորվածներին պահելու վայրի կամ» բառերը, քանի որ Օրենսգրքի 71-րդ հոդվածը եւ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր 6-րդ եւ 7-րդ մասերը վերաբերում են միայն ուղղիչ հիմնարկներին եւ դրանցում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքին:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի2-րդ հոդվածի տեքստում, ուստի առաջարկում ենք դրանից եւս հանել «կալանավորվածներին պահելու վայրի կամ» բառերը:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի 71-րդ հոդվածի նոր 6-րդ մասի կետերը համարակալված են հայերենի այբուբենի փոքրատառերով՝ որպես հոդվածի ենթակետեր: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունների պահանջները, համաձայն որոնց` հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով , իսկ հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Ուստի, անհրաժեշտ է նշված 6-րդ մասի կետերը համարակալել արաբական թվանշաններով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

5. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 721 -րդ հոդվածով, որով նախատեսվում է հավելվածի ձեւով սահմանել ուղղիչ հիմնարկում դատապարտյալին արգելվող այն առարկաների եւ սննդամթերքի ցանկը, որոնք դատապարտյալը չի կարող ունենալ իր մոտ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որՕրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատապարտյալին արգելված առարկաների եւ իրերի (սննդամթերքի) նույն ցանկը սահմանված է նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Հետեւաբար, առաջարկվող լրացումն ընդունվելու դեպքում հակասություն կառաջանա Օրենքսգրքի 72-րդ եւ 721 -րդ հոդվածների միջեւ (այսինքն` նույն ցանկը մի դեպքում կսահմանվի Օրենսգրքով, իսկ մեկ այլ դեպքում Կառավարության որոշմամբ): Նշված հակասությունը բացառելու նպատակով, առաջարկում ենք Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասում կատարել համապատասխան փոփոխություն, այն է` դրանից հանել «ցանկն ու» բառերը: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծով առաջարկվող հավելվածը համարակալել, քանի որ Օրենսգրքով մեկ հավելված արդեն իսկ ամրագրված է:

6.Նախագծի 4- րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 82-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, այն է՝ «4. Ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ հղի, կերակրող մայր եւ մանկահասակ երեխաներ ունեցող դատապարտյալ անձանց, ովքեր պատիժը կրելու սահմանված կարգի խախտումներ թույլ չեն տվել եւ ունեն ընտանիք, մինչեւ երեխայի երեք տարին լրանալը հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել բնակվել իրենց ընտանիքների հետ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում գտնվող բնակելի տարածքում:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ տվյալ դրույթը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀկառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշման 9-րդ կետի համաձայն նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում բացահայտման ենթակա կոռուպցիոն հիմնական գործոն է համարվում պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը, որը հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձեւակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն: ՈՒստի, առաջարկում ենք Նախագծի 4- րդ հոդվածով առաջարկվող լրացման 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ եւ հստակ ամրագրել պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները: Բացի այդ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի տեքստի «մանկահասակ երեխաներ» արտահայտությունը հստակեցնելու եւ սույն օրենքի իմաստով սահմանելու հարցը, քանի որ «մանկահասակ երեխաներ» արտահայտությունը կարող է անհարկի մեկնաբանությունների տեղիք տալ:

7.Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող ցանկի՝

ա) վերեւի աջ մասում գրել «Հավելված 2» բառը,

բ) վերնագրի «ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» բառը փոխարինել «ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ» բառով:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածը, համաձայն որի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով, եւ Նախագծի հիմնավորումը, առաջարկում ենք քննարկել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում նույնաբովանդակ լրացում կատարելու հարցը, նկատի ունենալով, որկալանավորվածներին պահելու վայրում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կալանավորված անձանց որոշակի իրավունքների սահմանափակումը, կալանավորվածներին պահելու վայրում արգելվող գործողությունների ցանկը, եւ այն առարկաների, իրերի եւ սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ նույնպես սահմանվել են ՀՀ կառավարության 2006 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐՄԱՍՆԱԳԵՏ՝                                                                   Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ