«01» փետրվարի 2014 թ. ՓՎ-ե-6
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ -426-27.12.2013-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի,Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Հրանտ Բագրատյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն, այն է «Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը»՝ ուժը կորցրած ճանաչել:Առաջարկում ենք հիշատակված դրույթը ոչ թե ուժը կորցրած ճանաչել, այլ նախադասության վերջում դնել ստորակետ եւ շարունակել հետեւյալ բառերով. «եթե դրանք հակասում են տվյալ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված պահանջներին»:
Նույնը վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենքի7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին, այն է արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում կարող է կիրառվել «գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.» եւ, որը առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ Հանրապետության Նախագահի հրամանագրով արտակարգ դրության ռեժիմի ապահովումը դրվում է պետական կառավարման մարմինների վրա: Առաջարկն ընդունվելու դեպքում պարզ չէ, թե ով է համակարգում այդ մարմինների գործունեությունը արտակարգ դրության դեպքում:
4. Նախագծի 5-րդ հոդվածը նախատեսում է պարետայինժամի կանոնները խախտած անձանց բերման ենթարկելը, այն է «Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են բերման ենթարվելու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից: Բերման ենթարկված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության: Բերման ենթարկվելու մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով:» Մինչդեռ օրենքով կարգավորված չէ, թե զննության ընթացքում պարետային ժամի կանոնները խախտածանձանցպահելու վայրը, ժամանակը,նրանց մոտ եղած առարկաներիեւ տրանսպորտային միջոցներ վերցնելու հարցը, (որոնք համարվում են իրավախախտման գործիք կամ անմիջական առարկա են հանդիսանում):
Հիշատակված հոդվածն առաջարկում ենք քննարկել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համատեքստում, քանի որ նշված հոդվածում սպառիչ թվարկված են բ երման ենթարկվող սուբյեկտները ( Հոդված 153. 1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային եւ տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:):
Բացի այդ առաջարկում ենք «ենթակա են բերման ենթարկվելու» բառերը փոխարինել «ենթակա են բերման» բառերով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ՝
Ք.Գեովշանյան, հեռ.513-360
Ք.Մանուկյան, հեռ. 513-425
Լ.Աբովյան, հեռ.513-485