«01» փետրվարի 2014 թ.                                                                                                      ՓՎ-ե-4

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանական պահպանության մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-429-08.01.2014-ՊԱ-010/0) եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-4291 -08.01.2014-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանական պահպանության մասին» եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերինեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Ոստիկանական պահպանության մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Նկատի ունենալով, որ Նախագծով սահմանվում է ոստիկանական պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների խումբ (տե՛ս Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մաս), առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պահպանության» բառից առաջ լրացնել «ոստիկանական» բառը:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է, որ. «Ոստիկանական պահպանության ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումներում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ոստիկանության պահպանության ստորաբաժանման արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման եւ տնօրինման նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Նման ձեւակերպմամբ պարզ չէ, թե որ ստորաբաժանման (ստորաբաժանումների) մասին է խոսք գնում` ոստիկանական պահպանությա՞ն ստորաբաժանման, որն ըստ Նախագծի 5-րդ հոդվածի հանդիսանում է ոստիկանության ենթակայության հիմնարկ, թե՞ այդ հիմնարկում ընդգրկված ստորաբաժանումների (նկատի ունենալով, որ նույն հասկացությունը Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասում միաժամանակ օգտագործվում է տարբեր ձեւակերպմամբ հոգնակի եւ եզակիթվով): Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասը հստակեցնել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հաuկացությունները չեն կարող oգտագործվել միեւնույն տերմինով:»:

2.3. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի «առաջին մասով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով՝ համահունչ դարձնելով Նախագծի շարադրանքին:

2.4. Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ ոստիկանական պահպանության ստորաբաժանումը ոստիկանության ենթակայության հիմնարկ է, որն ընդգրկում է ոստիկանական պահպանության ստորաբաժանման վարչական մասը, պահպանության տարածքային շարային ստորաբաժանումները եւ ոստիկանության ռազմականացված ստորաբաժանումները: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծով, ի տարբերություն ոստիկանության ռազմականացված ստորաբաժանման, սահմանված չէ, թե ովքե՞ր են համարվում պահպանության տարածքային շարային ստորաբաժանման ծառայողներ, եւ ովքե՞ր չեն կարող ծառայության անցնել այդ ստորաբաժանումում: Բացի այդ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով (տե՛ս եզրակացության 2.2-րդ կետը) առաջարկում ենքքննարկել Նախագծի 5-րդ հոդվածի «Ոստիկանության պահպանության ստորաբաժանումը» բառերը «Ոստիկանական պահպանության ծառայության » բառերով փոխարինելու հարցը, ինչպես նաեւ Նախագծի ամբողջ տեքստ ում դրանք փոխարինել համապատասխան հոլովաձեւերով :

Առաջարկում ենք նախագծի 5- րդ հոդվածից հանել «տակ գտնվող» բառերը:

2.5. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «1. Ոստիկանական պահպանության ստորաբաժանման հետ ոստիկանական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում ոստիկանական պահպանության ստորաբաժանումն իրավունք ունի դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիականան օրենսգրքի 461-րդ հոդվածին համապատասխան պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով: Պայմանագիր կնքելուց անհիմն խուսափող կազմակերպությունները պարտավոր են պետությանը հատուցել դրանով պատճառված վնասները:», այսինքն` միաժամանակ սահմանվում է ոստիկանական պահպանության ստորաբաժանմանն իրավունք վերապահվող եւ պատասխանատվություն սահմանող դրույթ, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերը պատասխանատվություն սահմանող դրույթներ են, մինչդեռ նշված հոդվածը վերնագրված է «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է վերաշարադրել Նախագծի 8-րդ հոդվածի բովանդակությունը կամ 8-րդ հոդվածի վերնագիրը:

2.6. Նկատի ունենալով, որ Նախագծի 10-րդ հոդվածը վերաբերում է միայն ոստիկանական պահպանության ենթակա լինցենզավորված կազմակերպությունների կողմից ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելու ժամկետին, առաջարկում ենք քննարկել նշված հոդվածի վերնագիրը նոր խմբագրությամբ՝ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ» շարադրելու հարցը:

2.7. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր են ոստիկանական պահպանության ստորաբաժանման հետ ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքել մինչեւ 2014 թվականի հունիսի 1-ը: Նկատի ունենալով, որ Նախագծի նպատակը կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ լիցենզավորման ենթակա որոշակի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունը ոստիկանության կողմից պարտադիր իրականացնելն է, որը պայմանավորված է հանրության առողջության եւ հասարակական անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությամբ, առաջարկում ենք քննարկել նաեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների համար ոստիկանական պահպանության ստորաբաժանման հետ ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելու ժամկետ սահմանող դրույթ նախատեսելու հարցը:

2.8. Նախագծում առկա են նաեւ խմբագրական բնույթի թերություններ (օրինակ՝Նախագծի 6-րդ հոդվածում «որը» բառն անհրաժեշտ է փոխարինել «ով» բառով եւ այլն), որոնք կներկայացվեն Նախագծի աշխատանքային քննարկումների ընթացքում:

3. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                                    Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝ Ս.Համբարձումյան հեռ. 513-360