«10» փետրվարի 2014 թ. ՓՎ-ե-8
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-433-24.01.2014-ՊԻ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի կողմից ներկայացված «2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Որոշման նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Որոշման նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Որոշման նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Որոշման Նախագծի 4-րդ մասի «ա)» ենթակետում ամրագրված է, որ՝ «Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները իրականացնելիս՝ ա) ծանոթանում է քրեական գործերի նյութերին ՝ պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը»:
Մինչդեռ, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 266-րդ հոդվածով հստակ ամրագրված է քրեական գործերին ծանոթանալու կարգը, համաձայն որի՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավասություն ունեցող անձանց շրջանակը խիստ սահմանափակ է, որտեղ՝ քրեական գործին ծանոթանալու իրավասություն ունեն միայն դատավարության մասնակիցները:
Ուստի, անհասկանալի է եւ ոչ իրատեսական, թե Որոշման նախագծի 1-ին մասում սահմանված՝ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականությունն ու հիմնավորվածությունն ինչպես պետք է ուսումնասիրեն եւ բացահայտեն՝ քրեական գործին ծանոթանալու իրավասություններով օժտված չլինելու պարագայում:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող`Ա. Քոչարյան,հեռ. 513-428