«28» փետրվարի 2014 թ.                                                                                   ՓՎ-ե-22

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-442-07.02.2014 ՏՀ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ.

ա) Նախագծով առաջարկվում է երաշխավորել իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը օրենքով նախատեսված դեպքերում եւ չափով: Նման մոտեցումը, կարծում ենք, երկակի նշանակություն ունի ինչպես բանկային համակարգի, այնպես էլ տնտեսության զարգացման տեսանկյուններից: Անշուշտ, դա կնպաստի բանկային համակարգ ներգրավվող ֆինանսական ռեսուրսների աճին՝ դրանով իսկ հնարավորություններ ստեղծելով ավելացնելու բանկերի կողմից իրականացվող գործունեության ծավալները: Միաժամանակ, տնտեսական զարգացման ներկա փուլում, մեր կարծիքով, այն կարող է բացասաբար անդրադառնալ բանկային ծառայությունների արժեքի (սակագների) եւ տնտեսությունում ֆինանսական միջոցների տեղաբաշխման վրա: Այս առումով, առաջարկվող մոտեցումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր եւ ենթադրում է գնահատում տարբեր տեսանկյուններից:

բ) Իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու դեպքում, պայմանավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից փոխհատուցման ենթակա գումարների մեծացմամբ, կառաջանա բանկերի կողմից կատարվող երաշխիքային վճարների չափի վերանայման անհրաժեշտություն, քանի որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքային վճարների չափը, ըստ էության, նախատեսված է միայն ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու համար: Ավելին, նշված օրենքի  12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը կազմում է հաշվետու եռամսյակի՝ տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.05 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ միլիոն դրամը»: Փաստորեն, ստացվում է, որ Նախագծի ընդունման պարագայում, պարբերական երաշխիքային վճարների չափի որոշման ժամանակ իրավաբանական անձանց բանկային ավանդների ցուցանիշը հաշվի չի առնվելու, սակայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի առաջացման պարագայում դրանց հատուցումը երաշխավորվելու է: Նման մոտեցումը, մեր կարծիքով, կբերի բանկերի կողմից կատարվող ծախսերի աճի, ինչն էլ կանդրադառնա բանկային ծառայությունների արժեքի վրա՝ դրանից բխող հետեւանքներով:

գ) Նախագծի ընդուման դեպքում, մեր կարծիքով, քննարկման կարիք ունի նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցման ենթակա բանկային ավանդների չափերը, քանի որ հանրապետության տնտեսական զարգացման ներկա փուլում առավել կարեւոր է բնակչության խնայողությունների ներգրավումը բանկային համակարգ, ինչը, ի թիվս այլ խնդիրների, որոշակի սոցիալական հարցերի լուծման միջոց է հանդիսանում: Իրավաբանական անձանց մասով նման խնդիր, ըստ էության, չկա, քանի որ վերջիններս ավանդադրման ենթակա ֆինանսական միջոցների օգտագործման այլ (այդ թվում նաեւ ձեռնարկատիրական գործոնեության) հնարավորություններ ունեն:

դ) Նախագծով առաջարկվող լրացումներն ընդունելի լինելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա նույն լրացումները կատարել նաեւ  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի երկրորդ պարբերությունում եւ 12-րդ հոդվածի 1-ին մասում:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության 

վարչության խորհրդատու`                                                                             Գ. Կիրակոսյան  

28.02.2014թ.