«25» մարտի 2014 թ.                                                                                                    ՓՎ-ե-36

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-450-27.02.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շ. Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոներին եւ համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի տեքստում «(այսուհետ` Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ հետագա տեքստում այն չի օգտագործվում:

3. Նախագծի միակ հոդվածն ամբողջությամբ վերաշարադրման կարիք ունի, այդ թվում` Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված նպատակի իրացման տեսանկյունից: Մասնավորապես.

ա) հիմնավորման մեջ ամրագրված է, որ Նախագծի նպատակն է. «...մասնակի կենսաթոշակի իրավունք տալ նաեւ 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին»), սակայն առաջարկվող լրացումից ակնհայտ է, որ նման իրավունք նախատեսվում է տալ ցանկացած քաղաքացու, ով կբավարարի տվյալ լրացմամբ սահմանվող պայմաններին (Նախագծի տեքստում Վրաստանի նշված նահանգների մասին որեւէ խոսք չկա),

բ) առաջարկվող լրացմամբ բառացիորեն սահմանվում է հետեւյալ ժամանակահատվածը. «...մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածը», այն դեպքում, երբ նախկին ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ 1991 թվականից:

գ) առաջարկվող լրացումը վերաբերում է ոչ թե մասնակի կենսաթոշակի իրավունք սահմանող անձանց կատեգորիաներին, այլ կենսաթոշակային իրավունքի բաղադրիչներից մեկին` ստաժի հաշվարկմանը, հետեւաբար` տվյալ լրացումն անհրաժեշտ է կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի ոչ թե 1-ին, այլ 3-րդ մասում, սակայն դրա անհրաժեշտությունն էլ վերանում է, քանի որ առաջարկվող դրույթն արդեն իսկ սահմանված է: Հետեւաբար, Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակի իրացման համար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է ավելացնել նոր 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ. «4) 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին:»: Սակայն այս դեպքում էլ տվյալ միտքը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1.-րդ հոդվածին, ըստ որի. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:», ուստի տվյալ առաջարկությունը կարող է վերաբերել ընդհանրապես բոլոր այն անձանց, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ լրացումը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ.

«4) 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիներին:»:

4. Նպատակահարմար է Նախագծում ավելացնել նաեւ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության տնտեսական եւ սոցիալական

փորձաքննության բաժնի վարիչ                                                                  Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

24.03.2014