«14» մարտի 2014 թ.                                                                                ՓՎ-ե-27

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-451-28.02.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես`

2.1 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, ըստ որի` անհրաժեշտ է Նախագծի վերնագրից առաջ ավելացնել «ՆԱԽԱԳԻԾ» բառը,

2.2 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, ըստ որի. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի« «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի, 2001 թվական, ՀՕ-193)» բառերը փոխարինել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի» բառերով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության տնտեսական եւ սոցիալական

փորձաքննության բաժնի վարիչ                                                                                   Ա. ԳԱԼՍՏՅԱՆ