«20» մարտի 2014 թ.                                                                                                          ՓՎ-ե-33

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-453-28.02.2014-ՖՎ-010/0) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4531 -28.02.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ.

ա) Փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 50-րդ գլխից հետո ավելացնել 50.1 գլուխ, որի 928.1-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ. « Հատուկ բանկային հաշիվներ են հանդիսանում սույն գլխով նախատեսված էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «նորմատիվ իրավական ակտեր» հասկացությունը բավականին տարածական եւ լայն մեկնաբանություն ունեցող հասկացություն է, եւ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության. « Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը:»: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ բացի օրենքից բանկային հաշիվների հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունվող իրավական ակտերով, առաջարկում ենք հաստակեցնել (կոնկրետացնել) նշված 1-ին կետը եւ « նորմատիվ իրավական ակտերով » բառերը փոխարինել «օրենքով կամ Հայաստանի Հանրապետությա ն կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով » բառերով:

2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի նոր 928.2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ. « Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով սահմանված ժամկետներում Էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին:...»: Գործնականում հնարավոր է, որ համապատասխան փաստաթուղթըներկայացվի, բայց այն լինի ոչ լիարժեք (ամբողջական), ունենա որոշակի թերություններ, կամ լինի կեղծ եւ այլն, իսկ նման դեպքերին այս հոդվածը որեւէ կերպ չի անդրադառնում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է տվյալ հոդվածում նախատեսել ոչ միայն պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթի չներկայացման, այլեւ թերի կամ կեղծ փաստաթղթի ներկայացման դեպքերը եւ դրանց համապատասխան կարգավորումները:

3. Նախագծում, մեր կարծիքով, բացակայում են նաեւ Էսքրոու հաշվի հետ կապված որոշ այլ դրույթներ (իսկ դրանց մի մասն էլ կիրառելի են նաեւ հատուկ մյուս հաշիվների համար), որոնք ճիշտ կլինի եւ անհրաժեշտ է կարգավորել Օրենսգրքով (հաշվի առնելով ոչ միայն միջազգային փորձը, այլեւ այն հանգամանքը, որ դրանք առաջին հերթին հենց Օրենսգրքի, այլ ոչ թեՀՀ ԿԲ-ի կարգավորման առարկա են): Մասնավորապես, Նախագծում բացակայում են`

- Էսքրոու հաշվի սպասարկման համար վճարի հետ կապված մանրամասները (օրինակ` անհայտ է մնում, թե ո՞վ պետք է վճարի այդ հաշվի համար, եթե պայմանագրով այս հանգամանքը սահմանված չէ),

- Էսքրոու հաշվի պայմանագրով բանկի կողմից գույքի փոխանցման հիմքերի (փաստաթղթերի) եւ բուն գույքի վիճակի ստուգման պարտավորությունը, ինչպես նաեւ այդ ստուգմանիրավական հիմքերը եւ պատասխանատվությունը,

- Էսքրոու հաշվի պայմանագրով դեպոնացված գույքի առանձնացման պարտավորությունն ու դրա պայմանները, այս պարտավորության չկատարման համար պատասխանատվությունը, պայմանագրով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման առանձնահատկություները,

-Էսքրոու հաշվի պայմանագրով անփաստաթուղթ արժեթղթերի եւ անկանխիկ դրամական միջոցների դեպոնացման առանձնահատկությունները, բանկի համար դրանցից օգտվելու (օգտագործելու) արգելքը եւ այլն:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության խորհրդատու`                                                                           Գ. Կիրակոսյան

20.03.2014թ.