«12» դեկտեմբերի 2013 թ.                                                                                               ՓՎ-ե-339

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-412-05.12.2013-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Էդմոն Մարուքյանի եւ Արթուր Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբեյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» բառերը առաջարկում ենք փոխարինել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» բառերով, քանի որ Նախագծում նախատեսված է կատարել մեկ փոփոխություն, իսկ լրացումներ ընդհանրապես չկան:

2.2. Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում «Նախագիծ» բառը առաջարկում ենք փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

2.3.Նախագծի 1-ին հոդվածում «15-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «15-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

2.4. Նախագծի 2-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                             Ա.ՍԱՐԳՍՅԱՆ