«10» ապրիլի 2014 թ.                                                                                                     ՓՎ-ե-47

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-465-19.03.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժվում է, եթե

«5) նա չունի այլ պետության քաղաքացիություն եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:»: Ստացվում է, որ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) որոշիչ է քաղաքացիությունը փոխելու հարցում եւ առանց դրա չի կարող քաղաքացիությունը փոխվել: Միեւնույն ժամանակ, ն երկայացված Նախագծի համաձայն մինչեւ չդադարեցվի անձի քաղաքացիությունը, այլ պետության լիազոր մարմինը չի ընդունի եւ չի բավարարի դիմողի քաղաքացիությունը փոխելու խնդրանքը, իսկ քաղաքացիության դադարեցումը հնարավոր կլինի միայն ՀՀ Նախագահի հրամանագրով, ինչին պետք է նախորդի օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին: Ստացվում է, որ մեկը մյուսով է պայմանավորված եւ կարող է մեկը մյուսին բացառել: Ու սումնասիրության արդյունքում պարզվեց, որ օրինակ, Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը Հայաստանում չունի օրենսդրորեն հստակ ամրագրված գործառույթ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք) տրամադրելու համար: Ինչ-որ տեղ ստացվում է, որ քաղաքացիների համար լրացուցիչ դժվարություններ կամ խոչընդոտներ են ստեղծվում քաղաքացիությունը փոխելու հարցում: Առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել հավաստում ձեռք բերելու մեխանիզմի հստակեցումը՝ վերապահելով դրա իրականացումը համապատասխան վարչական մարմնին, որպեսզի բացառվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Միաժամանակ, առաջարկում ենք նաեւ նշված դրույթը քննարկել ՀՀ Սահմանադրության 3-րդ եւ 30.1-րդ հոդվածների համատեքստում, համաձայն որոնց. « ՀՈԴՎԱԾ 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան:

Պետությունը uահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպեu անմիջականորեն գործող իրավունք: »,

« ՀՈԴՎԱԾ 30.1. ...Ոչ ոք չի կարող զրկվել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպեu նաեւ քաղաքացիությունը փոխելու իրավունքից:... »:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասից անհասկանալի է` երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած իր ծնողի, թե երկուսի կողմից համատեղ ներկայացված դիմումի հիման վրա է կորցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Ուստի, հստակեցման նպատակով,առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «հետեւանքով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» բառերը կամ նույն հոդվածի, նույն մասի «ծնողի» բառից հետո լրացնել « (ծնողների) » բառը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի « … լիազոր մարմնի կողմից ձեռնարկված անհրաժեշտ եւ բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը» «լիազոր մարմնի» բառերը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                        Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝ Ք. Մանուկյան 513-425

Լ. Աբովյան, 513-485

Ա.Լալայան, 513-425