«03 ապրիլի 2014 թ. ՓՎ-ե-45
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-473-25.03.2014-ՏՀ-010/0 ) , «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4731 -25.03.2014-ՏՀ-010/0 ) եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4732 -25.03.2014-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:
3.Նախագծերի փաթեթում ընդգրկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ).
3.1 Նախագծի 7-րդ հոդվածում`
ա) անհրաժեշտ է հստակեցնել 2-րդ մասի «գրանցված (հաշվառված) տնտեսվարող սուբյեկտների իրական գտնվելու վայր» արտահայտությունը: Եթե խոսքը գնում է այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը կարող է հաշվառված լինել մի վայրում, սակայն փաստացի գործունեություն իրականացնել մեկ այլ վայրում, ապա առաջարկում ենք «իրական գտնվելու վայրի» բառերը փոխարինել «փաստացի գործունեության կամ տնտեսվարող սուբյեկտի կառավարման գործադիր մարմնի վայրի» բառերով,
բ) 2-րդ մասի «մշտական» բառն առաջարկում ենք փոխարինել «շարունակական» բառով (քանի որ «մշտական արդիականացում» արտահայտությունը չափազանց իմպերատիվ է եւ այնքան էլ ճիշտ չի արտահայտում տվյալ դրույթով նախատեսված կարգավորման բովանդակությունը),
գ) 4-րդ մասից առաջարկում ենք հանել «կողմից» բառը:
3.2 Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հավաստագրված անձանց համար սահմանվում է կոնկրետ պարտավորություն, ըստ որի այդ անձինք. «չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսվարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:», սակայն այս պարտավորությունը չկատարելու (կամ դրված սահմանափակումը խախտելու)համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագիծը լրացնել նոր` «Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար» վերտառությամբ հոդվածով եւ սահմանել կոնկրետ պատասխանատվության տեսակներ, չափեր եւ պատասխանատվության ենթարկելու կարգ` ինչպես նշված սահմանափակման խախտման, այնպես էլ Նախագծի այլ հոդվածներից բխող պարտավորությունների չկատարման համար:
3.3 Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է հավաստագրման հանձնաժողովի ձեւավորման կարգը, ըստ որի այդ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող երկու ներկայացուցիչներ: Սակայն, Նախագծով սահմանված չեն այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է ընտրվեն նշված ներկայացուցիչները (այս առումով անհրաժեշտ է կամ ներդնել ընտրության մրցութային եղանակ կամ էլ թեկնածուների առաջադրման լիազորությունը վերապահել տվյալ ոլորտի մասնագետներին եւ գործարարներին միավորող որեւէ հասարակական կառույցին): Բացի այդ, հավաստագրման հանձնաժողովի կազմում նշված ոլորտի երկու ներկայացուցիչների ընդգրկումը կարող է առաջացնել շահերի բախում, ինչի հնարավորությունը տվյալ Նախագծում անտեսված է, ուստի առաջարկում ենք լրացնել շահերի բախման դեպքում այդ ներկայացուցիչների քվեարկության իրավունքի սահմանափակման եւ հայտնի մյուս կարգավորումները, ինչպիսիք սովորաբար ամրագրվում են նմանատիպ դեպքերում:
3.4 Նախագծի 11-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետով նախատեսվում է, որ հավաստագրի տրամադրման դիմումը մերժվում է, եթե. « հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերը թերի են, արժանահավատ չեն եւ չեն համապատասխանում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին, », սակայն այս Նախագծով չի հստակեցվում, թե ի՞նչ է նշանակում «ոչ արժանահավատ փաստաթղթեր», ինչն էլ կոռուպցիոն ռիսկերի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ (առաջարկվում է կամ հանել «արժանահավատ չեն» բառերը, կամ էլ սահմանել փաստաթղթերի արժանահավատության չափորոշիչներ): Մյուս կողմից, այն դեպքերում, երբ օրենքով պահանջվում է որոշակի փաստաթղթերի ներկայացում, սովորաբար, սահմանվում է նաեւ որոշակի ժամկետ` թերի ներկայացված կամ սահմանված պահանջների չհամապատասխանող փաստաթղթերը լրացնելու կամ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար, ինչը մի կողմից էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, իսկ մյուս կողմից` դիմումատուների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում իրենց իրավունքներից օգտվելու եւ տեխնիկական պատճառներով իրենց իրավունքները չսահմանափակելու համար (առաջարկում ենք այս դեպքում էլ կիրառել նշված մոտեցումը եւ 11-րդ հոդվածում լրացնել համապատասխան մաս):
3.5Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է հավաստագրի գործողության դադարեցման հիմքերը, որոնցից առնվազն երեքի` 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերիդեպքում անհրաժեշտ է սահմանել նաեւ, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական բյուջե են մուծվում հավասատագրի գործողության ընթացքում, որպես հարկային արտոնություն ստացված, եւ պետական բյուջե չվճարված հարկերի գումարները, այլապես սահմանվող հարկային արտոնությունները կարող են վերածվել հարկերի վճարումից խուսափելու մեխանիզմի:
3.6 Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել « Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով » բառերը, որոնք ավելորդ են:
4. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի հետ կապված դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմիփորձաքննության վարչության
պետի տեղակալ` Ա. Թամազյան
03.04 .2014թ.