«26» ապրիլի 2014 թ.                                                                                                                  ՓՎ-ե-62

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-480-28.03.2014-ՄԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ չնայած Նախագծին կից օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքում նշված է, որայլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա, սակայն առաջարկում ենք համապատասխան լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» (Նախագծի հոդված 6), Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Հարկ ենք համարում որպես ի գիտություն նշել, որ ՀՀ կառավարությունն 2014 թվականի ապրիլի 17-ի նիստի ժամանակ հավանության է արժանացրել գրեթե նույնաբովանդակ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

3. ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից ներկայացված Նախագծի վերաբերյալանհրաժեշտ է նշել հետեւյալը.

3.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի «Թրաֆիքինգի (շահագործման)...» վերնագրի եւ ամբողջ տեքստում օգտագործվող «Թրաֆիքինգ կամ շահագործում» բառերի կիրառումը: «Թրաֆիքինգ կամ շահագործում» բառակապակցության իմաստը ենթադրում է, որ այդ երկու բառերն ունեն տարբեր նշանակություններ: Առաջարկում ենք Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել Նախագծի տեքստում օգտագործվող համապատասխան բառակապակցությանը:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածում, «Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց օժանդակության մասին օրենսդրությունը» վերնագրով, առաջարկում ենք հիշատակել ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաեւ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել01.08.2008թ.:

3.3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «Օրենքի» բառը առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքի» բառերով, ինչպես նաեւ նույն հոդվածի նույն մասի «ենթարկվածների» բառը առաջարկում ենք փոխարինել «ենթարկված անձանց» բառերով:

3.4. Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն. «Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտումների համար քրեական եւ վարչական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել հարկադրաբար: »: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել ինչպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, այնպես էլՀայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում, քանզի պատասխանատվությունից հարկադրաբար ազատելու հիմք նախատեսված չէ:

3.5. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Խորհրդի աշխատակարգը եւ կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ»: Առաջարկում ենք քննարկել սույն որոշումը ընդունելու իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ը վերապահելու հարցը, քանի որ նույն հոդվածի 1-ին մասում խորհրդի ձեւավորումը վերապահված է կառավարությանը:

Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասին:

3.6. Առաջարկում ենք Նախագծով (Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասեր) առավել հստակեցնել անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու համար նույնացման հանձնաժողովի կողմից հիմք ընդունվող հիմնական չափանիշները, սկզբունքները կամ հիմնական պահանջները` միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ միատեսակ օբյեկտիվություն ապահովելու նպատակով:

3.7. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է «Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց հայտնի դարձած թրաֆիքինգի կամ շահագործման տեղեկության մասին անհապաղ իրազեկում են իրավասու պետական մարմնին կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:»: Առաջարկում ենք հստակեցնել թե ինչպես է իրականցվում իրազեկումը՝ գրավոր, թե բանավոր:

3.8. Նախագծի 16-րդ հոդվածի 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով` նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

3.9. Նախագծի 16-րդ հոդվածում բացակայում է հատուկ կատեգորիայի հավանական զոհերի նույնացման հանձնաժողովի ընթացակարգը՝ օրինական ներկայացուցչի եւ համապատասխան մասնագետների մասնակցության պարտադիր լինելու առումով:

3.10. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.11. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անհետաձգելի բժշկական օգնություն» եւ 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «բժշկական ծառայությունների տրամադրում» բառերն առաջարկում ենք փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերով ` համապատասխանեցնելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքին:

Նախագծում առկա են բազմաթիվ խմբագրական, լեզվաոճական բնույթի թերություններ, որոնք կարող են ներկայացվել աշխատանքային քննարկման ընթացքում:

ՀՀ ԱԺ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                               Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք. Գեովշանյան, հեռ. 513-659
Ա. Ավագյան, հեռ. 513-472