«08» մայիսի 2014 թ.                                                                                                       ՓՎ-ե-75

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-502-23.04.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի(այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:

Մինչդեռ, անհրաժեշտ ենք համարում փաստել այն կարեւոր հանգամանքը, որ «Քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 Որոշման (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 Որոշում) համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող եւ անվավեր, ինչպես նաեւ հիշյալ դրույթն ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածները հանդիսանում են Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունից բխող իրավահարաբերությունների տրամաբանական շարունակություն, իսկ Նախագծի 5-րդ հոդվածով Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 Որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերաբերյալ ամրագրված վերջնաժամկետին (2014թ. հոկտեմբերի 1-ը), ուստի առաջարկում ենք Նախագիծն ամբողջությամբ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 Որոշմանը, եւ նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի դրույթների համաձայն՝ գործողությունը դադարեցված մաuի փոխարեն նույն համարով այլ մաu չի կարող ընդունվել եւ իրավական ակտի մաuերի միջեւ համապատաuխանաբար նոր մաu կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով, հետեւաբար առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «17-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը «17-րդ հոդվածի 2.1 մասը» բառերով փոխարինելու հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                       Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Քոչարյան,հեռ. 513-428

Ա. Աղաբաբյան,հեռ. 513-472